ԱՄՆ-ում քննարկում են ռազմուժ կիրառելու նոր թույլտվության հարցը

ԱՍԱԴԸ ՊԵ՞ՏՔ Է ԴՐԱՆԻՑ ԶԳՈՒՇԱՆԱ

ԱՄՆ Սենատի միջազգային գործերով կոմիտեում այս օրերեին լսումների առարկա է դարձել ռազմական ուժի կիրառման նոր թույլտվությունը: Արտաքին գերատեսչության ղեկավար Թիլերսոնը, օրինակ, Կոնգրեսից իրավունք է խնդրել՝ ռազմական ուժ կիրառել առանց սահմանափակումների:
 
Սա նշանակում է, որ ԱՄՆ նախագահը պետք է իրավունք ունենա ահաբեկիչների դեմ ուժ գործադրել առանց ժամկետի սահմանափակման և հարվածի հնարավոր շրջանը չհստակեցնելով:
 
- Այժմ նախագահի վարչակազմին անհրաժեշտ է թույլտվություն ստանալ՝ ուժ կիրառելու սահմանները չհարգող թշնամու դեմ,- Թիլերսոնի խոսքերն է փոխանցում «Ռոյթերսը»:
 
Իսկ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մետիսը նշել է, որ Սպիտակ տունն ամենևին մտադիր չէ հրաժարվել 2001թ. և 2002թ. ընձեռված թույլտվություններից, որոնք Կոնգրեսը վավերացրել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո և Իրաքում պատերազմ սանձազերծելուց առաջ: Մետիսի դիրքորոշումը պայմանավորված է նրանով, թե «պատերազմը սկզբունքորեն անկանխատեսելի է»:
 
Այս պահին Միացյալ Նահանգները թե՛ ահաբեկչության դեմ պայքար, թե՛ պատերազմ է վարում Սիրիայում: Պետքարտուղար Թիլերսոնը սրա առնչությամբ ասել է.
 
- ԱՄՆ-ը չի ցանկանում Սիրիայի կառավարության կամ կառավարամետ ուժերի դեմ պատերազմել: Այդուհանդերձ, առանց վարանելու անհրաժեշտ և համաչափ ուժ կկիրառի հանուն պաշտպանության ԱՄՆ ուժերի, կոալիցիայի կամ իր գործընկերների, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ:
 
Կոմիտեի նախագահ, հանրապետական Բոբ Քորքերը ցանկացել է պարզաբանում ստանալ՝ սա նշանակո՞ւմ է, թե ԱՄՆ իշխանությունները Կոնգրեսից թույլտվություն են խնդրում գործողություններ սկսել Ասադի դեմ: Ի պատասխան՝ Թիլերսոնը նշել է, թե որոշակիորեն Ասադի դեմ գործելու թույլտվություն չեն խնդրում, սակայն եթե նման լիազորությունների անհրաժեշտություն ծագի՝ Սպիտակ տունը նման խնդրանքով կդիմի օրենսդիրներին: 
 
Լսումների ժամանակ, ինչպես ՏԱՍՍ գործակալությունն է փոխանցել, Թիլերսոնը մի քանի անգամ ընդգծել է՝ Սիրիայում ԱՄՆ-ը նպատակ է հետապնդում վերացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
 
- Հարցը միայն այն է, թե մենք այդ շրջաններում ինչպես ենք խաղաղություն հաստատելու այն բանից հետո, երբ արդեն հաջողության կհասնենք: Եվ հարկ կլինի՞ արդյոք, որ զինվորականները դրան մասնակցեն: Սրա մասին է հարկավոր մտածել,- պարզաբանել է պետքարտուղարը:
 
Իսկ այս ամենը չի՞ նշանակում արդյոք, որ ԻՊ-ին ոչնչացնելը դեռ միայն գործի սկիզբն է: Երբ Սիրիայում այլևս ահաբեկիչ չի մնա, այն էլ, իհարկե, ոչ միայն ԱՄՆ-ի ու իր կոալիցիայի գործադրած ջանքերի շնորհիվ, այնտեղ կսկսվի մի նոր հակամարտություն՝ այս անգամ Ասադի կառավարության և Թիլերսոնի ակնարկած շրջանների միջև: