Ասադին մեղավոր դարձնել ամեն գնով

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում անհեթեթություն են որակել Սիրիայում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցը: Խոսքն այս տարվա ապրիլի 4-ին Սիրիայի Խան-Շեյխուն քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների մասին է, որին «Ավանգարդն» անդրադարձել է «ՄԱԿ-ի մասնագետներն իրո՞ք այդքան արհեստավարժ են» հրապարակման մեջ:
 
ՄԱԿ-ի տվյալ զեկույցը Սիրիայի օդուժին մեղադրում է, թե իր բանակի ՍՈՒ-22 կործանիչից զարինով լիցքավորված ռումբ է նետել Խան-Շեյխունի վրա: 
ՌԴ-ի ռազմական մասնագետները հակադարձել են, թե նախ՝ ՄԱԿ-ի փորձագետները նույնիսկ հարկ չեն համարել ժամանել դեպքի վայր, ապա՝ նշված ինքնաթիռը տվյալ շրջանին չի էլ մոտեցել: Եվ երրորդ՝ քաղաքում պայթած ռումբը եղել է մետաղից, որն օգտագործվում է ջրատար խողովակներ պատրաստելիս: 
 
Մակերեսային, սիրողական, չկայացած և անիրազեկ՝ սրանք են ՄԱԿ-ի զեկույցին Մոսկվայի տված գնահատականները: Ավելին, ՌԴ ԱԳՆ-ում կարծիք են հայտնել, թե փաստաթղթի հեղինակներն իրենք ևս սեփական եզրակացություններին չեն հավատում, քանի որ այնտեղ ամենաշատ օգտագործված արտահայտություններն են՝ հնարավոր է, ավելի շուտ, ենթադրաբար և այլն: 
 
ՄԱԿ-ի զեկույցում քննվել է երկու նման դեպք: Երկրորդը 2016թ. Ում Հոշե բնակավայրում իպրիտ թունավոր գազի կիրառումն է: Սրա համար ի վերջո մեղավոր ճանաչվեց ԻԼԻՊ-ը, և այժմ ռուսական կողմը չի ընդունում, թե մյուսի համար մեղավորը Դամասկոսն է: 
 
Ռուս մասնագետները, «Վեստիի» փոխանցմամբ, նախ գիտականորեն ապացուցել են, որ քաղաքից առնվազն 5 կմ հեռու գտնվող ՍՈՒ-22 կործանիչը ֆիզիկապես չէր կարող  ռումբը հասցնել պայթյունի վայր: Մանավանդ՝ հարցված վկաները ո՛չ երկնքում ինքնաթիռ են նկատել, ո՛չ էլ գոնե շարժիչների աղմուկն են լսել: Ընդ որում՝ Մոսկվան հարցեր ունի նաև վկաների և տուժածների վերաբերյալ: 
 
Հենց թունավոր նյութի` զարինի ծագման հարցը զեկույցում բաց է մնում, ՄԱԿ-ի տեսուչներն էլ, ըստ էության, հրաժարվել են այցելել Շայրաթ հենակետ, որտեղից, նրանց պնդումների համաձայն, օդ է բարձրացել ռումբերով զինված կործանիչը: Բայց չէ՞ որ այնտեղից վերցված փորձանյութը կարող էր անհերքելի ապացույցներ տալ:
 
Իրերի այսպիսի ընթացքը կարծես մեկ տարբերակ է հուշում. ոմանք ամեն ջանք գործադրում են՝ Սիրիայի իշխանություններին քիմիական զենք կիրառելու համար ռազմական հանցագործ հայտարարել: Բայց դա նրանց չհաջողվեց՝ այդ պատրվակով պատերազմ սանձազերծելիս. Ում Հոշեում իպրիտի կիրառման պարագայում հաստատվեց ԻԼԻՊ-ի մեղքը: Վերջին հույսը մնում է Խան-Շեյխունը: 
 
Ու հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի դրա համար մեղավորը Ասադը դուրս գա: Այլապես ի՞նչ արդարացում կարող է լինել, որ արդեն քանի տարի մարդկության քաղաքակրթության օրրաններից մեկում արյունալի պատերազմ է ընթանում: