Ցանկության դեպքում որքան արագ են կողմնորոշվում

Իրանը, անկասկած, այս մեղադրանքներին կպատասխանի: Իսկ մեզ մնում է միայն զարմանալ, թե որոշակի դեպքերում որքան արագ են կողմնորոշվում իրադարձություններին արձագանքող կողմերն ու միջազգային դեմքերը:

Հայկական դիրքերի ու բնակավայրերի վրա ամեն օր տեղացող կրակի մեղավորին ոչ մի կերպ «հնարավոր չի լինում» բացահայտել, իսկ ահա Եմենից հրթիռի արձակումը ոչ մի կասկած չի հարուցել: ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածն էլ, ըստ երևույթին, ընդունելի է միայն ԱՄՆ բարեկամ Սաուդյան Արաբիայի համար:

Նոյեմբերի 5-ին Եմենից Աաուդյան Արաբիայի միջազգային օդանավակայանի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը նոր առիթ է դարձել, որ Իրանին դարձյալ մեղադրեն: Առաջինը չի հապաղել դա անել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ապաև` Սաուդյան Արաբիայի իշխանությունները:

Նախ հաղորդվել է, որ Էր Ռիյադի օդանավակայանի մոտակայքում պայթյուն է որոտացել: Ավելի ուշ պարզվել է, որ դա Եմենի ապստամբ հուսիթների կողմից արձակված հրթիռ է: Այնուհետև համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է Եմենի տարածքից Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակումը: Տեսանյութը հրապարակել է ահաբեկիչների գործունեությունը մեկնաբանող Telegram ալիքը, որի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակվել է Burkan-2H հրթիռը:

Նշենք, որ Սաուդյան Արաբիայից հարավ տարածվող և Արաբական թերակղզու երկրորդ ամենախոշոր պետություն Եմենում արդեն 2015թ. ի վեր շարունակվում է Սաուդյան Արաբիայի իշխանությունների աջակցությունը վայելող օրինական կառավարության ու Իրանի աջակցությունը վայելող հուսիթ զինյալների միջև հակամարտությունը, որի հետևանքով արդեն 8600 մարդ զոհվել է:

Նաև հաղորդվել է, որ Եմենից արձակված այդ բալիստիկ հրթիռը օդանավակայանի մոտակայքում որսացվել ու ոչնչացվել է` նույնիսկ չխաթարելով նրա բնականոն աշխատանքը: Ու չնայած հրթիռի արձակման պատասխանատվությունը ստանձնել են Եմենի հուսիթ զինյալները` ընդգծելով, որ իրենք թիրախավորել էին միջազգային օդանավակայանը, պաշտոնական Էր Ռիյադն արդեն հայտնել է իր դիրքորոշումը` սրա նախաձեռնողն Իրանն է, ուրեմն ինքն իրավունք ունի ինքնապաշտպանվելու և Իրանին արժանի պատասխան տալու:

- Կոալիցիայի հրամանատարությունը կարծում է, որ դա իրանական վարչակազմի կողմից ռազմական ագրեսիայի վրդովեցուցիչ գործողություն է և կարող է ապագայում դիտարկվել որպես Սաուդյան Արաբիայի թագավորության դեմ պատերազմական գործողություն: Ուստի դա հաստատում է թագավորության օրինական իրավունքը` պաշտպանել իր տարածքն ու իր ժողովրդին` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի:

Կոալիցիայի հրամանատարությունը նաև հաստատում է, որ թագավորությունն իրեն իրավունք է վերապահում Իրանին պատասխան տալ համապատասխան ժամանակ և համապատասխան կերպով` միջազգային իրավունքի համաձայն: Եվ, իհարկե, հիմնվելով ինքնապաշտպանության իրավունքի` այդ թվում տարածքի, ժողովրդի և կենսական շահերի պաշտպանության վրա, ինչն ամրագրված է միջազգային համաձայնագրերում և հռչակագրերում` ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը,- ասված է զինվորականների հայտարարությունում: