Իրաքը քրդերից «հստակ հայտարարություն» է պահանջում

Տարածաշրջանում անկախ Քրդստան ստեղծելու ծրագրի մասին շատ վաղուց է խոսվում: Շրջանառվում են քարտեզներ, տարբեր երկրներում ապրող քրդերը ոգևորվում են ու նախապատրաստվում պատմության մեջ առաջին անգամ պետականության տեր դառնալ, շատերն էլ զինվում են, գաղտնի ու բացահայտ ծրագրեր մտմտում: Սակայն առայժմ, ի բարեբախտություն շատ պետությունների, քրդերի անկախության սայլը կարծես տեղից չի շարժվում:
 
Իրաքի Քրդստանում առանց կենտրոնական իշխանությունների համաձայնության անցկացված հանրաքվեն՝ իր 93% դրական արդյունքով, նույնպես քրդական անկախ պետություն ստեղծելու գրավական չդարձավ: Վիճելի տարածք Քիրքուքը գրավելուց, մի շարք ռազմական հաղթանակներ տանելուց հետո Իրաքի իշխանությունները Քրդստանի ինքնավար շրջանի իշխանություններից պահանջել են հստակ հայտարարություն անել, որ Իրաքից չեն անջատվելու, ո՛չ էլ անկախություն են պահանջելու (տեղեկացրել է ռուսական «ՌԻԱ նովոստի»-ն):
 
- Դաշնային դատարանի որոշման հիման վրա մենք տարածաշրջանից հստակ հայտարարություն ենք պահանջում, որ չի առանձնանալու կամ Իրաքից անկախություն չի պահանջելու- նշվում է Իրաքի կառավարության հայտարարության մեջ:
 
Իսկ քրդական զինուժի՝ փեշմարգայի ղեկավարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 16-ի իրադարձություններից ի վեր Բաղդադի և իրենց միջև որևէ համաձայնություն չի կայացել, սահմանային անցակետերը Բաղդադին հանձնելու և այլ գործերի վերաբերյալ որևէ բան չեն պայմանավորվել:
 
Քրդստանի «փեշմերգայի» հարցերով նախարարության գլխավոր քարտուղար Ջաբբար Յավերը նաև շեշտել է, որ Քիրքուքի գրավման ժամանակ սպանվել է 60 քուրդ մարտիկ, ծանր վիրավորվել 150-ը: Դրանից առաջ ՄԱԿ-ը լուր էր տարածել, որ ռազմական գործողություններից հետո 183 000 խաղաղ բնակիչ հեռացել է Քիրքուքից:
 
Ամեն դեպքում Բաղդադի դիրքորոշումը շատ կոշտ է, և այս հարցում տարածաշրջանի մյուս պետությունների աջակցությունն ունենալով՝ նա մտադիր չէ հանդուրժել քրդական անկախ պետության ստեղծումը: 
 
Հիշենք, որ «ժողովուրդների բարեկամության» ջատագով ԽՍՀՄ-ը ժամանակին Հայաստանից տարածք էր պոկել և Արդբեջանին նվիրաբերած ԼՂԻՄ-ի ու մեր հանրապետության միջև քրդական ինքնավար շրջան էր ստեղծել: Արցախյան պատերազմը այդ տարածքում քուրդ չթողեց, սակայն հիշողությունը մնացել է, և երևի նաև դրան ենք «պարտական», որ Քրդստանի առկայությամբ կեղծվաված քարտեզների վրա այդ մտացածին պետության սահմանները տարածվում են մինչև քրդական խորհրդային ինքնավարությունը:
 
Քրդերը գուցե նույնքան իրավունք ունեն ինքնուրույն պետություն ունենալ, ինչքան այսօր պետություն  ունեցեղ շատ ժողովուրդներ: Թուրքերից ու ադրբեջանցիներից որ ավելի արժանի են: Միայն թե ոչ մեկը մտադիր չէ իր այժմյան տարածքները զոհաբերել հանուն քրդական երազանքի: Այնպես որ՝ այս հարցը դեռևս երկար ժամանակ թեժ կպահի մեր տրածաշրջանի անցուդարձը: