Խոշոր պաշտոնյան կարո՞ղ է թալանչի չլինել

Որքան էլ պաշտոնյաների յուրացումներն ու անօրինական գործարքները բացահայտող լրագրողներ են զոհվում կամ ազատազրկվում, մնացածներին դաս չի լինում:  Լրագրողական հետաքննության միջազգային միավորմումը (ICIJ) համարձակություն է ունեցել բացելու պետությունների գլխավոր դեմքերի հարստանալու «դրախտի» դռները և միջազգային հանրության առջև փռել Paradise papers անունով օֆշորային բացահայտումների թղթապանակը:
 
Այսօր լրատվամիջոցների լրահոսում գլխավոր տեղ էր գրավում լրագրողական միավորման հրապարակած թղթածրարի պատմությունը, ոտեղ հիշատակվում է 120 քաղաքական գործիչների օֆշորային գործունեությունը: Պատճառը թերևս այն է, որ նրանց թվում բազմաթիվ պետությունների գլխավոր պաշտոնյաներ են: Հրապարակվել է ավելի քան 13 մլն փաստաթուղթ: Ու հիմա այդ փաստաթղթերում հիշատակված որոշ քաղաքական դեմքեր փորձում են արդարանալ: 
 
Օրինակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե ո՛չ վարչապետն ինքը, ո՛չ էլ նրա ամուսին Ֆիլիպը օֆշորային կազմակերպություններում ուղղակի ներդրումներ չեն արել, նրանց բոլոր միջոցները հայտարարագրված են  կառավարության դիվանում և հանձնված են կույր վստահության կառավարմանը: 
 
- Կույր վստահության էությունն այն է, որ այն աշխատում է որպես նախարարների և նրանց շահերի պաշտպանության հուսալի մեխանիզմ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է նա:
 
Դրախտային փաստաթղթերում հիշատակված է նաև Թուրքիայի վարչապետի ընտանիքը: Բինալի Յըլդըրըմի որդիներ Բյուլենթի ու Էրքանի անուններով Մալթայի օֆշորային ընկերություններից մեկում մեծ գումարներ են ներդրել։ Այնտեղ նրանց անունով 4 ընկերություն կա, իսկ ընդհանուր առմամբ Թուրքիայի վարչապետի ազգականների անուններով 8 օֆշորային ընկերություն է գործում: Երևում է՝ Մալթան թուրքական ներդրումներ շատ է սիրում, քանի որ մեկ այլ գործով էլ Ադրբեջանի նախագահ Ալիևի ընտանիքն էր հիշատակվում, ինչի պատճառով էլ մալթացի լրագրողուհուն ավտոմեքենայի հետ միասին պայթեցրին:  
 
Այս նոր բացահայտումները, որի հեղինակ լրագրողական ընկերությունը, ի դեպ, Սորոսի հիմնադրամից է ֆինանսավորվում, տեղ չի թողնում մտածելու, թե այս աշխարհում չապականված, աշխարհը թալանելու մարմաջով չտառապող բարձրաստիճան պետական գործիչ կա: Օրենքը հաստատող բացառությունները, իհարկե, չանտեսելով:  
 
Ու քանի դեռ աշխարհի բախտը վճռում են ամեն ինչի մեջ սոսկ սեփական շահը փնտրող նման գործիչները, դժվար է լինելու գեթ մեկ հարցում արդարության հասնել: «Թալան, թալան  մինչև վերջը», պարզվում է, մեզնից չի սկիզբ առել ու մեզանով էլ չի վերջանում: Մեզ թերևս մեկ բան է մնում՝ միամիտ հովերը մի կողմ դնել ու խորությամբ ուսումնասիրել միջազգային կառույցներում գործող մեխանիզմների նրբությունները:
 
Մեր թշնամի Ադրբեջանը, օրինակ, վաղուց է հայտնաբերել կաշառքի մեխանիզմը, ու մինչև այսօր ինչի հասել է, դրա շնորհիվ է հասել: Պարտադիր չէ, որ մենք նրա փորձն ընդօրինակենք, մենք էլ կարող ենք սեփական ուղիով գնալ՝ սակայն անպայման հաշվի առնելով աշխարհում  ամեն օր բացահայտվող իրողությունները: