Ռուսաստանում ԻՊ-ի կորուստներն են հաշվել

ԴԵԺԱՎՅՈՒ՝ ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

Հետաքրքիր է, այս տվյալները հաղորդելիս՝ ռուսական զինուժի գլխավոր դեմքերից մեկը դեժավյուի զգացողություն չի՞ ունեցել. չէ՞ որ իրավիճակն այնքան է նմանվում նախորդ դարում Արցախում նույն ռուսների իրականացրած «Կոլցո» գործողությանը, որ միայն զարմանալ կարելի է:
 
Ու ոչ մի կասկած, որ Սիրիայում վերջին երկու տարում զոհված այն 1400 «մերձավոր արտասահմանցիների» թվում բազմաթիվ ադրբեջանցիներ են եղել, որոնք իրենց մարտական մկրտությունն ստացել են այն ժամանակ՝ ռուսների թևի տակ ու հովանավորությամբ:
 
Մի ուշագրավ մեկնաբանություն էլ է այս օրերին հնչել: Արցախի ճակատում 90-ականներին ադրբեջանցիների կողմից կռվող չեչենները, ասում են, միայն մեկ նպատակ են ունեցել՝ հայերից ռազմական տեխնիկա առգրավել, որպեսզի հետո այն ուղղեն ռուսական զորքերի դեմ և Չեչնիայում իրենց լիիրավ իշխանությունը հաստատեն: Իսկ սրանից հետևում է, որ ռուսների դեմ չեչենների առավել սպառազինվելուն խանգարել է միայն մեկ բան՝ հայերի ռազմական ունակություններն ու կռվելու կամքը:  
Այն, ինչ կատարվեց Սիրիայում ու Իրաքում, և այն դաժան ճշմարտությունները, որոնք հիմա քիչ առ քիչ բացահայտվում են, սոսկալի են: Սակայն դրանք բոլորն էլ նախապատմություն ունեն, որի մի մասը հենց հայերիս է առնչվում: 
 
* * *
Սիրիայում ահաբեկիչների դեմ մղված հաղթական մարտերից հետո բավական ուշագրավ տեղեկատվություն է ներկայացրել Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Նրա խոսքով՝ վերջին երկու տարում Սիրիայում ոչնչացվել է շուրջ 54 հազար գրոհային (փոխանցել է «ՌԻԱ նովոտի»-ն): 
 
Գերասիմովն այդ թվից առանձնացրել է ծագումով ռուսաստանցի գրահայիններին՝ 2800 և մերձավոր արտասահմանից գնացածներին՝ 1400: Ըստ երևույթին մերձավոր արտասահման ասելով նկատի են առնվում հետխորհրդային երկրները, այս դեպքում, բնականաբար, մահմեդական բնակչությամբ:    
 
Ըստ ՌԴ գլխավոր շտաբի պետի՝ Սիրիայում ռուս զինվորականները բախվել են լավ պատրաստված հակառակորդի մարտական կազմավորումներին, որոնք  ունեցել են որակյալ զենքեր և տեխնիկա: Օրինակ 1500-ի չափ տանկեր են ունեցել, 1200-ի չափ զենք ու ականանետ՝ առգրավված Սիրիայի և Իրաքի կառավարական զորքերից: 
 
Գրոհայինների ունացածը, սակայն, սոսկ այդ ռազմավարը չի եղել: 
 
- Ռազմամթերքի և նյութական միջոցների պաշարի պակաս չեն ունեցել, դրանք մշտապես լրացվել են արտասահմանից: Նրանց հրամանատարական կազմը արևմտյան հրահանգիչների ղեկավարությամբ նախապատրաստություն է անցել հատուկ ճամբարներում, կից գործել են ռազմական խորհրդատուներ՝ Մերձավոր Արևելքի, Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի երկրներից: Մի շարք դեպքերում այս երկրների հատուկ ստորաբաժանումների սպաները անմիջականորեն ղեկավարել են ապօրինի զինված կազմավորումները,- հայտարարել է Գերասիմովը:
 
Ահաբեկիչներն այժմ նմանվում են հեքիաթների այն հրեշներին, որոնց կտրված մեկ գլխի փոխարեն մի քանիսն է աճում: Իսկ պատճառն այն է, որ գլուխ կտրողներն իրենք պակաս հրեշավոր արարքներ չեն գործել: Հենց ռուսական կողմի գործելակերպը՝ սոսկ գործարարություն որակել մեր դեմ ոչնչացնող պատերազմ հայտարարած Ադրբեջանին հարձակողական զենք վաճառելը, ուրիշ ի՞նչ անուն կարող է ունենալ: