Ո՞րն է «ավելի լավ ապագա տանող» թրամփյան ուղին

Պաշտոնական այցով Ճապոնական ծովի ավազանի երկրներ այցելած Դոնալդ Թրամփը արդեն քանի օր կոչերով ու զգուշացումներով ողողում է Հյուսիսային Կորեան ու նրա հետ գործ ունեցող երկրները: ԱՄՆ նախագահը նախ բոլոր երկրներին կոչ արեց դադարեցնել առևտուրը ԿԺԴՀ-ի կետ, իսկ հետո Կիմ Չեն Ընին առաջարկեց նստել բանակցությունների սեղանի շուրջը՝ չնայած մինչ այս համառորեն պնդում էր, թե ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ բանակցելը ժամանակի զուր վատնում է:
 
Այսօր տարածվել է Թրամփի նոր դիմումը՝ ուղղված Կիմ Չեն Ընին: Հարավային Կորեայի խորհրդարանում ելույթ ունենալով՝ նա դիմել է Հյուսիսային Կորեայի առաջնորդին:  
 
- Ես այս թերակղզի եմ ժամանել, որպեսզի ուղերձս ուղղակիորեն բռնապետական Հյուսիսային Կորեայի առաջնորդին հասցնեմ: Սպառազինությունը, որը դու փորձում ես ստանալ, քեզ համար մեծ անվտանգություն չի ապահովի: Այն մեծ սպառնալիքի տակ է դնում քո վարչակազմը: Այս մութ ճանապարհին քո ձեռնարկած յուրաքանչյուր քայլը սաստկացնում է այն, ինչին հակազդում ես,- ասել է ԱՄՆ նախագահը և հավելել.
 
- Հյուսիսային Կորեան դրախտ չէ, որը ցանկանում էր կառուցել քո պապիկը (Կիմ Իր Սենը), սա դժոխք է, որին ոչ մի մարդ արժանի չէ:
 
Լրատվամիջոցները հատուկ նշել են, որ իր ելույթում Թրամփը ոչ մի անգամ Կիմ Չեն Ընին վիրավորական բառերով չի բնորոշել, ինչը մինչ այդ հաճախ էր անում: Միայն ասել է, թե չնայած նրա կատարած ամեն մի հանցագործությանը, ԱՄՆ-ը պատրաստ է և կառաջարկի «ավելի լավ ապագա տանող ճանապարհը»: Իսկ դա հնարավոր է համարել միայն մեկ պայմանով՝ լիովին հրաժարվել ագրեսիայից և միջուկային ծրագրից, «վերջնականապես և հաստատուն կերպով ապանուկլեինացվել»:
 
Հյուսիսային Կորեայի դժոխք լինելու պնդումի համատեքստում ուշագրավ լուր է տարածել ռուսական «Լենտա»-ն: Հղում անելով Սեուլի աղբյուրին՝ ասվում է, թե Հյուսիսային Կորեայի Պանգիրի շրջանում անցկացված միջուկային փորձարկումներից հետո այնտեղ սկսել են հիվանդ երեխաներ ծնվել: Հարավային Կորեայում նման տեղեկություններ տվել են կղզու հյուսիսային հատվածից գաղթած բնակիչները: Նրանցից մեկը, օրինակ, ասել է.
 
- Այդ շրջանում բնակվող բարեկամս պատմել է, որ ծննդատներում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ լույս աշխարհ են եկել մուտացիաներով երեխաներ:
 
Մեկ ուրիշն էլ վկայել է, թե ճառագայթումը ներթափանցել է ստորգետնյա ջրերի մեջ: Ցամաքել են որոշ աղբյուրներ, մնացածների ջուրն էլ բնակիչները չեն համարձակվում օգտագործել:
 
Թե իրականում ինչ է կատարվում Հյուսիսասյին Կորեայի «երկաթե վարագույրից» այն կողմ՝ կարելի է միայն երևակայել: Վաղուց է ապացուցված, որ միջուկի էներգիան որևէ նպատակով օգտագործելը մարդու համար անվտանգ լինել չի կարող: 
 
Հյուսիսային Կորեային «խելքի բերելու» հարցում, ըստ երևույթին, ԱՄՆ նախագահը տարածաշրջանային իր այս այցի հետ որոշ հույսեր կապել է: Միայն թե ոչ մի նշանից չի երևում, որ Կիմ Չեն Ընը թեկուզ չնչին զիջումների է հակված: