ԱՄՆ-ը Իրանին մղում է միջուկային զենք ստեղծել

ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՄԱԿՐՈՆԸ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Թայմ» ամսագրին տված հարցազրույցում խոսել է ԱՄՆ իշխանությունների՝ Իրանի հետ միջուկային գործարքը վերանայելու մտադրության մասին: Մակրոնը համոզված է, թե դա կարող է Իրանին հարկադրել, որ ստեղծի սեփական միջուկային զինանոցը:
 
- Եթե դուք ցանկանում ենք միջուկային գործունեության պատճառով դադարեցնել Իրանի հետ ցանկացած հարաբերություն, դուք նոր Հյուսիսային Կորեա եք ստեղծում: Եթե դուրս եք գալիս 2015թ. համաձայանգրից, ո՞րն է մյուս տարբերակը՝ պատերա՞զմ սկսել, հարձակվե՞լ Իրանի վրա: Դա խելահեղություն կլինի,- ասել է այդ համաձայնագրի կողմ Ֆրանսիայի նախագահը: 
 
Մակրոնը համոզված է, որ Իրանի միջուկային համաձայանագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) Իրանի հետ լավագույն գործարքն է, իսկ եթե Միացյալ Նահանգներն այդ համաձայնագրից դուրս գա, հետևանքները կարող են խիստ տհաճ լինել: 
 
- Դա հենց այն է, ինչին բախվեցինք Հյուսիսայի Կորեայի պարագայում: 10-12 տարի անց դուք ուշքի կգաք և կպարզեք, որ Իրանի զինանոցում անվերահսկելի միջուկային զենք է առկա,- զգուշացրել է Մակրոնը:
 
Մակրոնն ավելի կարևոր է համարել, որ Վաշինգտոնը միանա ջանքներին, որով Իրանին կհարկադրեն տարածաշրջանի իր դաշնակիցներին բալիստիկ հրթիռներ չմատակարարել: Նկատի է ունեցել Եմենի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռը, որի պատասխանատվությունը, ինչպես «Ավանգարդն» արդեն անդրադարձել է, ստանձնել էին հուսիթ-ապստամբները:
 
Ու հենց Սաուդյան Արաբիան էլ մտահոգված է Իրանի միջուկային համաձայանգրի վերաբերյալ ԳՀՀԾ-ի մի շարք դրույթներով: Սի-Էն-Բի-Սի-ին տված հարցազրույցում Արաբական թերակղզու մեծ մասն զբաղեցնող այս թագավորության արտգործնախարար Ադել ալ Ջուբեյրն ասել է, թե ԳՀՀԾ-ի ստորագրումից 12 տարի անց ցենտրիֆուգի՝ կենտրոնախույս մեքենայի քանակի վերաբերյալ սահմանափակումները հանվում են, ինչը Իրանը կարող է օգտագործել միջուկային զինանոց ստեղծելու նպատակով:
 
- Իրանում կարող են ունենալ 50 հազար, 100 հազար ցենտրիֆուգ: Նրանք մեկ շաբաթում կարող են միջուկային ռումբի ստեղծման համար բավարար հարստացված նյութ արտադրել, և դա շատ վտանգավոր է,- ընդգծել է Ադել ալ Ջուբեյրը:
 
Սաուդյան Արաբիան, իհարկե, մտահոգվելու պատճառներ ունի: ԱՄՆ-ի լավագույն բարեկամ արաբական այս պետությունը Իրանին նույնքան թշնամաբար է վերաբերվում, որքան հենց ԱՄՆ-ը: Շատ ավելի անաչառ ու հիմնավորված են Ֆրանսիայի նախագահի փաստարկները՝ եթե ԱՄՆ-ը միջուկային համաձայնագրից դուրս գա, Իրանը դրան կպատասխանի ատոմային զենք ստեղծելով և հետևելով Հյուսիսային Կորեայի օրինակին:
 
Իսկ որ Թրամփի վարչակազմը կարող է նման արկածախնդրության դիմել՝ ցույց է տալիս Իրանի միջուկային պարտավորությունների վերաբերյալ նրա հերթական զեկույցը: Ինչպես հայտնի է՝ վերջին զեկույցում ԱՄՆ-ը հրաժարվել էր հաստատել, թե Իրանը կատարում է համաձայնագրի պայմանները: