ՄԱԿ-ում քննարկվում է միջուկային զենքի լիակատար արգելման փաստաթուղթը

Անվտանգության խորհրդի անդամները դեմ են

Ով երբևէ լսել է այսօրվա Պակիստանի տարածքում գտնվող Մահենջո Դարո անունով հայտնի քաղաքի պատմությունը, չի կարող անտարբեր նայել, թե ինչպես է միջուկային զենքը սպառնում արդի քաղաքակրթությանը: Ըստ հնագիտական տեղեկությունների՝ դեռևս 4700 տարի առաջ Ինդոսի հովտում ծաղկող և դրանից ինը հարյուր տարի անց միանգամից, հանկարծակի ոչնչացած քաղաքի պատմությունը համարվում է մարդկության առեղծվածներից մեկը: Հայի համար այդ քաղաքի անունը թարգմանելու կարիք համարյա չկա. Մահենջո Դարո՝ նշանակում է մահվան կամ մեռյալների բլուր (հայերենի բառարաններում դար բառի հոմանիշներից է բլուրը, զառիվերը): 

Մեռյալ քաղաքում գտնվել են մեծաթիվ դիակներ, որոնց դիրքը ցույց է տվել, որ պայծառ լույսից կուրացել են դեպի վեր նայելով, իսկ մարմինները ռադիացիայի հետքեր են պարունակել: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ մեզնից 3700 տարի առաջ մարդիկ զանգվածաբար մահացել են միջուկային զենքի պայթյունից, թեև այսպիսի եզրակացությունը համարվում է վառ երևակայության պտուղ, իսկ մեր օրեր հասած տեղեկությունները պատված են առասպելի ու դիցաբանության քողով: Սակայն որոշ տվյալներ կարդալուց հետո Հիրոսիմայի և Նագասակիի հետ համեմատությունն ինքնին է ծնվում: 

Միայն թե ո՛չ հազարամյակներ առաջ հավանաբար կատարվածից, ո՛չ էլ ընդամենը նախորդ հարյուրամյակի ողբերգությունից մարդկությունը դասեր չի քաղել: Այն, որ ՄԱԿ-ի ԳՎ-ի այս նախաձեռնությանը դեմ են հենց միջուկային հզոր տերությունները, կասկած չի թողնում, որ այդպիսի զենքի վրա լիակատար արգելքը չի դրվելու: Եթե հազարամյակներ առաջ այդպիսի զենք եղել էլ է (կարծիքներ կան, թե Սոդոմի և Գոմորի կործանումն էլ է դրանից եղել), ապա ոչ մի կասկած չկա, որ միայն ի վնաս մարդկության է գործել: Սպառազինությունների մրցավազքի դուրս եկած գերտերությունների համար էլ իրենց կամքը թելադրելու գործիք ունենալը ավելի կարևոր է, քան մարդկության ապագան: Ի՞նչ ՄԱԿ, ի՞նչ ՄԱԳԱՏԷ կարող են նրանց անվտանգության կոչ անել, երբ Անվտանգության խորհրդում հենց ամենավտանգավորներն են տնօրինում: Եվ ինչպես են այդ կառույցները խանգարելու, որ ասենք մի Հյուսիսային Կորեա այդ զենքից չստեղծի ու չգործադրի: 
 
Այդուհանդերձ՝ այս օրերին ՄԱԿ-ում մեկնարկում են միջուկային զենքի արգելման բանակցությունները, որի նպատակն է հասնել միջուկային զենքի լիակատար արգելմանը: Հատկանշական է, որ այդ բանակցություններին միջուկային ոչ մի տերություն չի մասնակցում: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի զինաթափման և միջազգային անվտանգության կոմիտեն դեռևս անցյալ տարի էր որոշվել այդպիսի խորհրդաժողով հրավիրել: Համապատասխան բանաձևի համահեղինակներ են Ավստրալիան և 50-ից ավելի այլ երկրներ. այդ փաստաթղթին աջակցել է 123 պետություն: Դեմ են եղել 38 պետություններ, որոնց թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան: Հետո հայտնի է դարձել, որ Չինաստանը նույնպես այդ խորհրդաժողովին չի մասնակցելու: Լրատվամիջոցմերը հաղորդում են, որ Գլխավոր  վեհաժողովի որոշմամբ՝ բանակցությունները կանցնեն երկու փուլով, որից հետո մասնակիցները զեկույց կներկայացնեն աշխատանքի արդյունքների մասին: Սպասելիքն այն է, թե այդ աշխատանքների արդյունքը կլինի միջուկային զենքի արգելման և վերացման մասին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը:
 
Միջուկային զենքի լիակատար արգելակման վերաբերյալ խորհրդաժողովը, համենայնդեպս, ընթանում է, աշխատանքները կտևեն մինչև հուլիս, և գուցե թե ինչ-որ դրական պտուղներ տան: Այլապես մի քանի հազարամյակ անց էլ մեր քաղաքակրթության հետքերը հայտնաբերող գիտնականները ֆանտաստիկային ժանրին կդասեն փաստերը, որոնք հստակ ցույց կտան, թե ինչից էր ոչնչացել մարդկությունը: