Քրդերի ոգին ընկել է

«ՀԱՅՐԵՆԻՔԱՏԵՂ» ՊՈԿԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Երևում է՝ այլոց հայրենիքներում «հայրենիքատեղ» պոկելն այնքան ազնիվ գործ չէ, որպեսզի ոգիներին զորություն հաղորդի:
 
Իրաքի Քրդստանի խորհրդարանը արտահերթ նիստ է գումարել և Բաղդադի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամություն է հայտնել: Քրդական Rudaw-ի փոխանցմամբ՝ նիստում քննարկվել են Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ առկա խնդիրները լուծելու և լարված իրավիճակը մեղմելու հնարավորությունները: Տարածած հայտարարության մեջ քրդերը նշել են, թե պատրաստ են եղած խնդիրները լուծել՝ դեմ չգնալով Իրաքի սահմանադրությանը:
 
Ավելին, քուրդ պատգամավորները ընդգծել են, որ Իրաքի Քրդստանի իշխանությունները ոչ մի հակասահմանադրական քայլ չեն կատարել: 
 
Քրդական ինքնավարության խորհրդարանը միջազգային հանրությունից աջակցություն է պահանջել, որպեսզի Բաղդադի հետ բանակցություններում շոշափելի արդյունքների հասնի, և տարածաշրջանում խաղաղություն ապահովելու հնարավորություն ստեղծվի: Նիստում ձևակերպվել է ևս մեկ փաստաթուղթ, որով պահանջվել է Քիրքուքի գործողության ժամանակ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հատուկ հետաքննություն անցկացնել և համապատասխան հանձնաժողով ստեղծել:
 
Հենց հոկտեմբերի 16-ին Քիրքուքում տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին է հոդված հրապարակել թուրքական gazeteduvar.com.tr կայքը: Հիշեցնենք, որ նավթով հարուստ Քիրուքը կռվախնձոր էր Իրաքի և քրդական ինքնավարության միջև, որտեղ նույնպես սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվե էր անցկացվել, սակայն Իրաքի կառավարական ուժերն այնտեղ զենքի ուժով վերահսկողություն հաստատեցին, իսկ քրդական «փոշմերգան» ստիպված եղավ նահանջել:  
 
Եվ ահա թուրքական կայքի հրապարակումը դեպքերին ականատես մի քրդի բերանով վկայում է, թե Քիրքուքի իրադարձությունների պատճառով ընկել է ոչ միայն Իրաքի Քրդստանի, ալյև ամբողջ աշխարհի քրդերի ոգին: 
 
- Սկզբում Թուրքիայի հետ սահմանին մեծ իրարանցում եղավ, մենք չգիտեինք՝ եթե Իրաքի բանակը Քիրքուքը գրավի, մեզ համար խնդիր կլինի՞, թե՞ ոչ: Այժմ, սակայն, ամեն բան հանդարտ է,- պատմել քուրդ Յադինը: 
 
Յադինը Քիրքուքից հեռացել է նույն օրը և կայքի հետ զրուցելիս զգուշավորաբար թաքցրել է ազգանունը: Նա ասել է, որ քաղաքի կորուստը հոգեբանական ծանր ազդեցություն է ունեցել աշխարհի բոլոր քրդերի վրա:
 
- Միայն իրաքցի քրդերինը չէ, ամբողջ աշխարհի քրդերի ոգին է ընկած, քաղաքական գործիչները դա չեն տեսնում, շատ ափսոս,- ասել է նա:
 
Թե աշխարհի քրդերի ոգու վրա ինչ ազդեցություն կունենա Իրաքի Քրդստանի քաղաքական գործիչների հայտարարությունը՝ բանակցություններ սկսել Բաղդադի հետ, դժվար է գուշակել: Չէ՞ որ սեպտեմբերի 25-ին թվում էր՝ ամբողջ աշխարհի քրդերը ոտքի են ելնելու, որպեսզի քրդական միասնական պետություն ստեղծեն: Սոսկ մեկ պարտությունը, սակայն, բավական եղավ, որպեսզի «ամբողջ աշխարհի քրդերի ոգին ընկնի»: