Գերմանիայի ԱԳ նախարարը մեղադրում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության մասին է խոսել Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը: Գերմանական ZDF հեռուստաընկերության եթերում նա ուղղակի հայտարարել է, թե այդ քաղաքականությունն ամբողջ աշխարհում հսկայական անկայունություն է առաջացրել:
 
Գաբրիելը Թրամփին մեղադրել է, թե արտաքին քաղաքականության իմաստավորված օրակարգ չունի, որը «կհամապատասխաներ Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված ամերիկյան քաղաքական ավանդույթներին»:
 
Մյուս մեղադրանքը վերաբերում է նրան, որ նախագահ Թրամփը ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ենթարկում է իր երկրի ներքին շահերին: Գաբրիելի կարծիքով՝ Թրամփը եկկողմ հարաբերություններ է հաստատում յուրաքանչյուր առանձին երկրի հետ, «կնքում է ժամանակավոր գործարքներ»՝ հաշվի չառնելով ձևավորված համաշխարհային կարգը: (Փոխանցել է ՏԱՍՍ-ը): 
 
- Մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, երբ հարկ է լինում խոսել ոչ թե «Մեծ 20-յակի» կամ «7-յակի», այլ ավելի շուտ «2-յակի» մասին,- ասել է նա: 
 
Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխարհում ձևավորված գործելակերպը պահպանել «լոկ նրանց նկատմամբ, ում Թրամփը նպատակահարմար է համարում»: Եվ այս ամենն էլ հենց ամբողջ աշխարհում «հսկայական անկայունության» պատճառ է դառնում:
 
Զիգմար Գաբրիելը նաև ասել է, թե ԱՄՆ-ը հարցականի տակ է դնում «իր իսկ ձևավորած ազատական աշխարհակարգի» գոյությունը, և դա պահպանելու ամբողջ բեռը մնում է Եվրոպայի ուսերին: Գերմանիայի արտգործնախարարը համզված է՝ Եվրոպան այդ բեռը միայնակ կրել չի կարողանա:
 
Արտգործնախարարը, ճիշտ է, Գերմանիայի առաջին դեմքը չէ, սակայն նրա այս հեռուստաելույթը հաստատում է ընդամենը երեկ հրապարակված հարցման արդյունքները, ըստ որի՝ ԱՄՆ քաղաքացիների գրեթե 70%-ի կարծիքով իրենց 45-րդ նախագահ Թրամփը աշխարհի մյուս պետությունների առաջնորդների հարգանքը չի վայելում: 
 
Ակնհայտ է, որ Թրամփի նախագահության մեկ տարուց էլ պակաս ժամանակաշժջանում աշխարհի խաղաղությունն ավելի է վտանգվել, և դա տեսնում են ոչ միայն դրսում, այլև ներսում: