ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցը ի նպաստ Իրանի է

Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը (ՄԱԳԱՏԷ) երեկ հաստատել է, որ Իրանը հետևում է միջուկային պայմանագրի հիմնական դրույթներին և իր զեկույցում նշել է՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) սահմանափակումները պահպանվում են:
 
Զեկույցի համաձայն՝ նոյեմբերի 5-ի տվյալներով ցածր հարստացվածությամբ ուրանի պաշարները կազմել են 96,7 կգ՝ թույլատրված 202,8 կգ-ի փոխարեն: Այդ ուրանի հարստացվածության աստիճանը չի գերազանցում սահմանված 3,67%-ը: Իսկ ծանր ջրի պաշարները 114 տոննա են, որը սահմանված 130 տոննայից նշանակալիորեն ցածր է:
 
ՄԱԳԱՏԷ-ն գուցե իր այս զեկույցով քարեր է նետում ԱՄՆ-ի բոստանը: Չէ՞ որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջին զեկույցում այդ երկրի իշխանությունները հրաժարվել էին հաստատել, թե նա իր պարտավորությունները կատարում է: ԱՄՆ նախագահ Թրամփն էլ անընդհատ սպառնում է, թե դուրս է գալու Իրանի հետ միջուկային պայմանագրից, ինչին Ֆրանսիայի նախագահ Մակորնը արձագանքել է, որ դրանով Միացյալ Նահանգների նախագահը Իրանին ուղղակի մղում է միջուկային զենք ստեղծել:  
 
Սա, իհարկե, չի նշանակում, թե Ֆրանսիան խրախուսում է Իրանին: Ֆրանսիայի արտգործնախարարությունը  նույն օրը հայտարարություն է տարածել, որ անհրաժեշտության  դեպքում կարող են նոր պատժամիջոցներ կիրառել իրանական այն կազմակերպությունների դեմ, որոնք մասնակցում են բալիստիկ հրթիռների ծրագերերին: Խոսքը Եմենի տարածքից դեպի Սաուդյան Արաբիա արձակված հրթիռի մասին է, որի պատասխանատվությունը հուսի ապստամբներն են ստանձնել: Իրանը, սակայն, համարվում է ապստամբների հովանավորը և ենթադրվում է, որ այդ հրթիռների մատակարարման աղբյուրն է: 
 
Ֆրնսիայի ԱԳՆ նարկայացուցիչ Ռոմատե-Էսպենը նշել է, թե շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը այցելելու է Սաուդյան Արաբիա, ինչպես նաև մտադիր է մինչև ամսվա վերջը մեկնել Իրան։ 
 
- Ֆրանսիայի և Իրանի միջև քաղաքական գործուն երկխոսություն է առկա, և դա հնարավորություն է տալիս լուծում տալ բոլոր հարցերին, այդ թվում՝ ռազմավարական և տարածաշրջանային խնդիրներին,- նշել է ֆրանսիացի պաշտոնյան։
 
Իրանի վերաբերյալ Ռոմատե-Էսպենը նաև ասել է, թե Լիբանանի ներքին գործերին նրա չմիջամտելը տարածաշրջանային կայունության կարևոր պայման է: Այսպիսով նա արձագանքել է Լիբանանաի նախագահի կոչին:
 
- Սաադ ալ Հարիրին երեկ Իրանին կոչ է արել  չմիջամտել Լիբանանի և նրա հարևան երկրների գործերին։ Մենք կարծում ենք՝ դա տարածաշրջանում կայունության կարևոր պայման է,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
 
ՄԱԳԱՏԷ-ն, ճիշտ է, Իրանին մեղադրելու հիմքեր չի գտել, սակայն ակնհայտ է, որ տարածաշրջանում շատերն են ցանկանում նրա գործունեությունը սահմանափակել: