Հնագույն մասնագիտության գենդերային անդրադարձը

Շվեդիայում ներգաղթյալների վարքի վերաբերյալ հրապարակված հետազոտությունը ցնցող փաստեր է երևան հանել: Պարզվում է` ներգաղթյալ տղամարդկանցից շատերը այնտեղ զբաղմունք են դարձնում մարմնավաճառությունը:

Շվեդիան, հիշեցնենք, համարվում է գենդերային հավասարության մեջ մեծագույն հաջողությունների հասած երկիր: Իսկ գուցե մարմնավաճառությամբ հավասարապես զբաղվելը ևս գենդերային արդարության նշան է:

Այս կետում, սակայն, որոշ վերապահումներ արվում են: Խնդրի վերաբերյալ տիրող իրավիճակը վեր է հանել Շվեդիայի սեռական  կրթության ազգային ֆեդերացիան: Իսկ արդյունքները հրապարակել է «Սպուտնիկը»:

Կազմակերպության սեռաբան Սուզան Լասդոտերը համոզված է` պոռնկությունն ինքնին մերկացնում է խնդիրները մի հասարակության, որտեղ կանայք և տղամարդիկ, անկախ սեռական կողմնորոշումից, պետք է հավասար իրավունքներ ունենան: Մինչդեռ անգամ Շվեդիայում  սեռական ծառայությունների զոհեր են համարվում երիտասարդ կանայք և աղջիկները, իսկ երբ մարմնավաճառությամբ զբաղվում են տղամարդիկ` ոչ ոք նրանց տուժող կողմ չի համարում: Իբր` նրանք այդ կերպ «արտահայտում են իրենց սեքսուալությունը», դեռ մի բան էլ դրա դիմաց դրամ են վաստակում:

Տիկին Լասդոտերն ընդգծել է, որ սրա վերաբերյալ բազմաթիվ մոլորություներ ու կարծրատիպեր են արմատացել, և այդ պատճառով էլ հարկավոր է մանրակրկիտ հետազոտել տղամարդկանց մարմնավաճառության խնդիրները: Եվ, իհարկե, ուսումնասիրել հանգամանքները, որոնց ազդեցությամբ երիտասարդ համասեռամոլները, տրանսգենդերները և շվեդական հասարակության առավել խոցելի խավը` ներգաղթյալները, սկսել են վաճառքի հանել սեփական մարմինը:

Պարբերականը նշում է, որ 2015թ. Շվեդիա է մուտք գործել 35 000 փախստական: Իսկ որոշ ժամանակ անց նրանցից հարյուրավորները (որոշ հաշվարկներով` հազարավորները) իշխանությունների տեսադաշտից ուղղակի անհետացել են:

Փախստականների գործերով Շվեդիայի ազգային խորհրդի ղեկավար Սանա Վեստրին լրագրողների համար պարզաբանել է, որ երիտասարդ աֆղանցիներից շատերը, վախենալով վտարումից, «ընդհատակ են անցնում»: Նրանք կապվում են հանցագործ աշխարհի հետ և ավելի հաճախ հայտնվում հենց կավատների կողքին: Որովհետև, որքան էլ դա նրանց համար ծանր լինի` նման ապրելակերպը ավելի տանելի են համարում այն կյանքից, որն իրենց սպասում է հայրենիքում:

Մարդկության լիակատար այլասերաման համար միայն տղամարդկանց զանգվածային մարմնավաճառությունն էր պակասում: Ահաև հակաբնական երևույթներին օրինական ուժ տալու հետևանքները:

Հայաստանի հասարակական դաշտն այս օրերին ուղղակի շիկացած է շվեդականին  համարժեք օրենք ընդունել-չընդունելու քննարկումներով: Դրա կողմնակիցները լավ կանեն` գոնե թռուցիկ ծանոթանան նման հետազոտությունների արդյունքներին և փոքրացած-մի բուռ դարձած մեր հայրենիքը զերծ պահեն «եվրոպական արժեքներին հմահունչ» այսօրինակ երևույթներից: Իսկ այստեղ շարադրվածը դրա սոսկ չնչին մասն է: Առանց այն էլ մեր գլխավերևում բազմաթիվ ահավոր վտանգներ են կախված: