Եվրախորհուրդն առանց Ադրբեջանի չի՞ որբանա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջան» կուսակցության հանդիսության ժամանակ Եվրոպայի խորհրդի հետ իրենց հարաբերություններից է խոսել: Ըստ նրա` այդ հարաբերությունները արհեստական ճգնաժամ են ապրում, որի մեղավորը բնավ էլ իրենք չեն:

- Ավելի քան 15 տարի մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք: Սակայն ԵԽ գլխավոր քարտուղարի գործունեության պատճառով այդ կառույցի հետ մեր հարաբերությունները արհեստական ճգնաժամ ապրեցին, որի նախաձեռնողները մենք չենք: Մեր դեմ երկակի ու անարդար քաղաքականության առնչությամբ մենք սոսկ համարժեք միջոցներ ենք ձեռնարկում: Մենք երբեք անպատասխան չենք թողել մեր դեմ ուղղված գրոհները: Այդ պատճառով կարծում եմ` մեր համարժեք պատասխանը տրվել է ժամանակին: Կարծում եմ, որ այդպիսի մեծ ճանաչում ունեցող միջազգային կառույցը, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է, չպետք է առանձին անհատի անհաջող նկրտումների զոհը դառնա: Մենք ինքնակամ ենք անդամագրվել այն բոլոր կառույցներին, որոնց անդամն ենք: Այդպես էլ ինքնակամ կարող ենք դրանցից դուրս գալ: Ոչ ոք չի կարող մեզ ուժով ստիպել, որ մնանք որևէ կազմակերպությունում,- Ալիևի խոսքն է փոխանցել haqqin.az-ը:

Ասել կուզի` ԵԽ-ն արժանի չէ, որ Ադրբեջանի նման առաջադեմ երկիրն իրեն անդամակցի: Չ՞ես ուզում իմ կանոններով խաղալ և իմ կաշառակերությունն ու քաղաքական գործիչների համակրանքի առուծախը լռությամբ հանդուրժել` ինձ հարկավոր էլ չես: Բայց արի ու տես, որ միջազգային կառույցներն ու դեմքերը Ալիևի սպառնալիքը բանի տեղ չեն դնում:

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը և 36 տարբեր ՀԿ-ներ բաց նամակով ԵՄ-ին կոչ են արել ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի այնտեղ տեղ գտած ճնշումները դադարեցվեն: Նամակում ասվում է, որ ԵՄ-ն պարտավոր է համապատասխան պահանջով դիմել  Իլհամ Ալիևին, երբ նա Բրյուսել ժամանի` մասնակցելու Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Իսկ պահանջները վերաբերում են ձերբակալված լրագրողների ազատարձակմանը, լրատվամիջոցների նկատմամբ հարգանք դրսևորելուն, հետաքննող լրագրողների և իրավապաշտպաններին (ինչպիսին Խադիջա Իսմայիլովան է), ուղևորությունների կամայական արգելքը չեղարկելուն:

Այսուհանդերձ, «Ֆրիդոմ հաուս» միջազգային կազմակերպությունը հրապարակել է համացանցային ազատության թարմացված դասիչները, որի համաձայն` Ադրբեջանը համարվում է մասնակի ազատ երկիր: Ճիշտ է, այդ ցուցակի վերջին` 58-րդ տեղն է զբաղեցրել` իր բարեկամ Թուրքիային ու Ռուսաստանին թողնելով անազատ երկրների շարքում: Ի դեպ, Հայաստանը նույնպես մասնակի ազատ է համարվել` իր նախորդ 30-րդ տեղը երկու աստիճանով վատթարացնելով:

Ուշագրավ է, սակայն, որ միջազգային կառույցներն ու կազմակերպությունները Ադրբեջանի ներսում մարդու իրավունքների խախտումները տեսնում են, Ադրբեջանից դուրս նրա կաշառատու գործունեությունը բացահայտում ու քննադատում են, բայց ոչ մի կերպ չեն նկատում ո′չ հայատյացության կատաղի քարոզները, ո′չ էլ սահմանային միջադեպերի սադրանքները: Երևում է` դրա համար նրանց առանձնահատուկ ակնոց է հարկավոր, ինչպիսին արդի գիտությունը դեռևս չի կարողացել հայտնագործել: