Ահաբեկչության վիճակագրությունը

Մեր ժամանակների ամենակործանարար երևույթներից մեկի վիճակագրությունն է ուսումնասիրել Տնտեսության և խաղաղության ինստիտուտը (The Institute for Economics and Peace):

Ուսումնասիրության նյութը 2016թ. ահաբեկչության պատկերն է ամբողջ աշխարհում: Ամենավտանգավոր երկրներն են համարվել Իրաքը, Աֆղանստանը, Նիգերիան, Սիրիան, Պակիստանն ու Եմենը: Ահաբեկչության զոհ է դարձել 25 673 մարդ:

Լոնդոնում հրապարակված զեկույցը, թվում է, կարող է մխիթարական համարվել, քանի որ ազդարարում է` զոհերի թիվը 13%-ով նվազել է և հասել վերջին երկու տարվա նվազագույնին: Սակայն ի՞նչը կարող է մխիթարական լինել 25 673 մարդու բռնի մահվան մեջ:

Հրապարակված թվերը հաստատում են, որ այդ մարդիկ զոհվել են աշխարհի 77 երկրներում: Ահաբեկչության ամենաշատ զոհերը եղել են 2014թ.` ավելի քան 32 600 մարդ: 2016-ի զոհերից միայն 9,1 հազարն է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության արդյունքը, իսկ սա արդեն 50%-ով գերազանցում է նախորդ տարվա արդյունքը:

Ինստիտուտի հետազոտությունների բաժամնունքի ղեկավար Դենիել Հիլսոպը ՏԱՍՍ-ի թղթակցին պարզաբանել է, որ մարդկային զոհերի թիվը կրճատվել է ահաբեկիչների գործունեության հետևանքով, քանի որ նրանց դեմ պայքարում իրավիճակը դեպի լավն է փոխվել հատկապես  Սիրիայում, Աֆղանստանում, Պակիստանում, Նիգերիայում:

Ցուցակը գլխավորող Իրաքի, Աֆղանստանի, Նիգերիայի, Սիրիայի, Պակիստանի ու Եմենի հետ միասին ահաբեկչական հարձակումներից ամենաշատը տուժած երկրների տասնյակը լրացնում են Սոմալին, Հնդկաստանը, Թուրքիան, Լիբիան:

Ուսումնասիրված 163 երկրների շարքում ներառված են նաև հետխորհրդային երկրներ: ՏԱՍՍ-ի հրապարակման մեջ նշված է դրանցից մի քանիսը: Այսպես, Ուկրինայում կատարված ահաբեկչական գործողությունները նրա համար «ապահովել» են այդ ցուցակի 17-րդ տեղը: Ռուսաստանը 33-րդն է, Ղազախստանը` 67-րդը, Տաջիկստանը` 72-րդը, Հայաստանը` 75-րդը, Վրաստանը` 77-րդը: Իսկ Թուրքմենստանն ու Բելառուսը համարվել են քննվող տեսանկյունից ամենաանվտանգ հետխորհրդային երկրները` համապատասխանաբար տեղեր գրավելով 128 և 134 համարների ներքո:

Որքան էլ զարմանալի է` ՏԱՍՍ-ը այս հրապարակման մեջ Ադրբեջանի անունը չի հիշատակել: Մի պետություն, որի մասին անհերքելի փաստերն ասում են, որ ԻՊ-ի շարքերից ճողոպրած ահաբեկիչները գալիս ու այնտեղ գործունեություն են սկսում, այսպես հանիրավի անտեսվե՞լ է: Էլ չենք խոսում հայերի նկատմամբ նրանց պետության ահաբեկչական գործունեության մասին:

Թե ի՞նչ պատկեր վեր կհանի 2017թ. վիճակագրությունը` նոր ուսումնասիրությունը ցույց կտա: Միայն թե ամենատարբեր հաստատությունները պիտի որ նման վիճակագրությունների նպատակը դարձնեին ուսումնասիրվող բացասական երևույթների կանխման գործուն միջոցներ պարտադրելը, այլ ոչ թե շփաթահար մարդկությանը սոսկ թվակույտերի մեջ մոլորեցնելը: