Փարիզում ավազակախումբ են վնասազերծում և բողոքում նախագահից

Ստացվում է, որ առանձին անհատներին կողոպտելը հանցագործություն է, իսկ խոցելի խավերին ապահով կյանքի հեռանկարից զրկելը՝ բարեփոխո՞ւմ: Ու եթե առաջինի դեպքում երկրի ոստիկանությունը բնակիչներին վնաս հասցնողներին ձերբակալել է, երկրորդի դեպքում դուրս է եկել կարգ պահպանելու և բողոքավորներին ավելորդ գործողություններ թույլ չտալու:
 
Սա, իհարկե, չի նշանակում, թե Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնը ավազակ է: Միայն տեղիք է տալիս մտածելու, թե պետությունների իշխանություններն ինչպե՞ս են կարողանում «բարեփոխում» անվան տակ բևեռացնել երկրի ունեցվածքի բաշխումը և բնակիչների մի փոքր հատվածին աներևակայելի չափերով հարստացնելով՝ մեծ մասին դարձնել օրվա վաստակով ապրող, եթե ոչ ավելի վատթար: Հայաստանի դղյակավորների ու հետին աղքատների համադրությունը վկա:
 
Փարիզում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները քիչ են, հիմա այնտեղ մի ամբողջ ավազակախումբ են հայտնաբերել, որի անդամները նախկին ԽՍՀՄ-ից են: Լրատվամիջոցները հաղորդել են, որ Ֆրանսիայի ոստիկանությունը ավազակախումբը վնասազերծելու գործողությանը պատրաստվել է երկու տարի և կարողացել է ձերբակալել 35 մարդու, որից 8-ը կանայք են:
 
Հանցագործները մաքսանենգ ծխախոտի առուվաճառք են իրականացրել, զբաղվել գողությամբ, կազմակերպել մի շարք շորթումներ և բնակարանային կողոպուտներ: Ավազակախմբի դեմ ուղղված գործողություններին աջակցել են Ինտերպոլի և Եվրապոլի աշխատակիցները, Փարիզի ոստիկանության ֆինանսական հանցագործությունների խմբի անդամներ, ինչպես նաև Վրաստանի դեսպանատան աշխատակիցներ: Որովհետև պարզվել է,որ ավազակախմբի անդամների մեծ մասը ծագումով Վրաստանից է:
 
Իսկ մինչ երկրի ոստիկանությունն զբաղված էր հանցագործ խմբի վնասազերծմամբ, մայրաքաղաքում զանգվածային ցույցի մասնակիցները բողոքել են նախագահի իրականացրած բարեփոխումների դեմ: Ինչպես «ՌԻԱ-նովոստի»-ի թղթակիցն է հաղորդել, քայլերթին մասնակցել են հազարավոր մարդիկ՝ խոշոր արհմիությունների անդամներ, դպրոցականներ, ուսանողներ ու թոշակառուներ: 
 
Ցուցարարները պաստառներ են պարզել «Մակրոնը մարդկանց թշնամին է», «Ֆրանսիայի նախագահը հարուստների նախագահն է», «Աշխատանքի բարեփոխումները սով են, բրինձ ու մակարոն» գրություններով և բողոքում են մասնավորապես իրենց նոր նախագահի աշխատանքային բարեփոխումների դրույթներից, առողջապահության և բժշկական սպասարկման ոլորտում իշխանությունների որոշումներից և այլն: