Միգրանտները՝ «կենդանի ապրանքների» աճուրդում

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ՞, ՈՐ ԳՈՒՏԵՐԵՇԸ ԶԱՐՄԱՑԵԼ Է

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ուղղակի ցնցվել է, երբ մի տեսանյութից տեղեկացել է, որ Լիբիայում միգրանտներին աճուրդով վաճառում են ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ստրուկներին էին վաճառում: «Ֆրանս պրեսի» փոխանցմամբ՝ նա նշել է, թե հարկավոր է դա հետաքննել որպես մարդկության դեմ հնարավոր հանցագործություն:
 
Լիբիայում «կենդանի ապրանքների» աճուրդից կադրեր է ցուցադրել Սի-Էն-Էն-ը: Հյուսիսային Աֆրիկայի գնորդներին ներկայացրել էին սևամորթ տղամարդկանց, որոնք հարմար են ֆերմերային տնտեսություններում աշխատելու համար: Գնորդները նրանց համար ընդամենը 400 դոլար էին վճարել:
 
- Մեր աշխարհում ստրկությունը տեղ չունի, և այդօրինակ գործողությունները մարդու իրավունքների բացահայտ խախտում են: Դրանք կարող են մարդկության դեմ ուղղված հանցագործություն լինել,- իր տեսածը մեկնաբանել է Գուտերեշը: 
 
Նա «բոլոր իրավասու մարմիններին» կոչ է արել անմիջապես հետաքննել ստրուկների վաճառքի աճուրդները ու նաև ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին խնդրել է «գործուն կերպով զբաղվել այդ հարցով»:
 
Աշխարհի երկրներին միավորող այս կառույցի ղեկավարի արձագանքից տպավորություն է առաջանում, թե նա դարավոր քնից նոր-նոր արթնացել է ու հանկարծ նկատել՝ ամեն ինչ չէ, որ կարգին է: Մի՞թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ինչ-որ տեսանյութ պետք է հուշեր, թե աշխարհում ի՞նչ է կատարվում, թե հասարակ մարդն այս աշխարհում ի՞նչ արժեք ունի, թե ինչպե՞ս են ամենուր ու ամեն օր ոտնահարվում մարդու ոչ միայն հիմնարար իրավունքները, այլև գոյատևելու տարրական հնարավորություններն իսկ: Թե ինչպես են գերհզոր զենքերով զինված ավազակները հանուն սեփական շահի ամեն սրբություն պղծում: Ընդ որում՝ այդ ավազակներից շատերը նույն ՄԱԿ-ի համար միանգամայն օրինական իշխանությունների ներկայացուցիչներ են:
 
Գուտերեշը թերևս մի բան բաց է թողել. մոռացել է «իրավասու մարմիններին» կոչ անել, որ հետաքննեն նաև այդ աճուրդների գոյության իրական պատճառները՝ թափանցելով ոչ վաղ անցյալի խորքերը և բացահայտելով «մարդկության դեմ հանցագործության» իրական դրսևորումները: Որովհետև առանց պատճառները վերացնելու՝ հնարավոր չի լինելու պայքարել հետևանքների դեմ: Աճուրդները ընդամենը հետևանքներ են նույն ՄԱԿ-ի անդամ երկրների երեկվա ու այսօրվա գործունեության: 
 
Ահա նման գործունեության մեկ այլ հետևանք. BBC-ի թուրքական ծառայությունը հաղորդել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանձնված կամ սպանված անդամների 509 կանանց և 813 երեխայի Իրաքը կարտաքսի իր տարածքից: Ինչո՞վ են այս մարդկանց  ճակատագրերն ավելի բարվոք, քան աճուրդով վաճառքի հանված վերոհիշյալ սևամորթներինը: Ճիշտ է, գուցե նրանք այնուհետև ազատությունից չզրկվեն, սակայն խեղված կյանքով ու սարսափելի հիշողություններով ինչպե՞ս են շարունակելու իրենց կյանքը: Ու ամենաահավորը՝ նրանցից յուրաքանչյուրն ապագայում նոր ահաբեկիչ, մարդասպան, ավազակ կամ հենց ստրկավաճառ չի՞ դառնալու: