Ամենալավ քաղաքական գործիքը կուսակցությո՞ւնն է

Ի՞ՆՉ Է ՓԱՍՏՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին այդպես էլ չհաջողվեց Բունդեսթագի ընտրություններից հետո այնտեղ տեղեր գրաված կուսակցություններից կոալիցիա ձևավորել, որպեսզի վստահ լինի, որ իր իշխող կուսակցությունը խորհրդարանում որոշիչ դեր կկատարի:
 
Նոյեմբերի 20-ին բանակցությունների ընդհատումից հետո էլ  քաղաքական գործիչները դեռևս կոչ են անում շարունակել բանակցությունները կոալիցիա կազմելու նպատակով: Մերկելն ինքն էլ, լրատվամիջոցների հաղորդմամբ, պատրաստ է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ բանակցել նոր «մեծ կոալիցիայի» ձևավորելու վերաբերյալ, սակայն հենց ինքն էլ անհեռանկար է համարում նման բանակցությունները:
 
Գերմանիայի կառավարության ղեկավարը նաև հեռանկարային չի համարում փոքրամասնությամբ կառավարություն ձևավորելը, ուստի դրությունից դուրս գալու ամենալավ տարբերակը խորհրդարանական նոր ընտրություններն է համարում: 
 
Անգելա Մերկելը պատրաստ է իր գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությամբ վերստին մասնակցել այդ նոր ընտրություներին: Այս մասին նա ասել է DW պարբերականի լրագրողին: Կանցլերի խոսքով՝ ինքը պատասխանատու մարդ է և պատրաստ է հետագայում նույնպես ստանձնել այդ պատասխանատվությունը, ու այժմ էլ, երբ Ազատ դեմոկրատների կուսակցությունը հրաժարվել է կոալիցիա կազմել, մտադիր չէ պաշտոնից հրաժարվել: Նա շեշտել է՝ հրաժարական տալու պատճառ չի տեսնում: 
 
Գերմանիայում ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:
 
- Մենք վստահ ենք, որ Գերմանիայի սահմանադրական գործընթացները հիմք են ապահովում կայունության ու հաջորդականության համար,- հայտարարել է նա:
 
Ըստ վերջինիս՝ հենց այդ հատկություններն են «գերմանական քաղաքականության տարբերվող նշանները», և Բրյուսելը հույս ունի, որ այսուհետ ևս այդպես կլինի՝ չնայած ներկայիս քաղաքական ճգնաժամին:
 
Գերմանիայի քաղաքական ճգնաժամը անտարբեր չի թողել եվրոպական մյուս երկրների ղեկավարներին: Մտահոգության հիմնական շեշտադրումն այն է, թե այդ ճգնաժամը որքանո՞վ կազդի Եվրոպայի ընդհանուր կայունության վրա: 
 
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, օրինակ, նշել է, թե ԵՄ-ն Բեռլինում քաղաքական ճգնաժամի խորացմամբ շահագրգռված չէ: «Ֆրանս պրեսն» էլ մեկնաբանել է, թե  գերմանական ճգնաժամը հարվածել է ԵՄ-ում լայնածվալ բարեփոխում անցկացնելու վերաբերյալ Մակրոնի ծրագրերին: 
 
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր հերթին հույս է հայտնել, թե Բեռլինում խոհրդակցությունների ձախողումը բացասաբար չի ազդի Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու բանակցությունների վրա: Իսկ ահա Նիդեռլանդների ԱԳ նախարար Հալբե Զեյլսթրան Գերմանիայում կատարվողը Եվրոպայի համար վատ նորություն է որակել: Նրա կարծիքով՝ եթե «ԵՄ շատ ազդեցիկ երկիր Գերմանիան» երկար ժամանակ մնա առանց կառավարության, ԵՄ-ում խիստ որոշումներ ընդունելը «դժվար կլինի»:
 
Հազիվ էր «Ինդեփենդենթը» հրապարակել Սայմոն Անհոլտի ազգային որականիշների դասիչը, ըստ որի աշխարհի 50 երկրների թվում Գերմանիան լավագույնն է ճանաչվել, վրա հասավ քաղաքական ճգնաժամը: Իսկ դրա արագ կարգավորումը, ինչ խոսք, շատ կարևոր է Եվրոպայի, ասել է թե՝ նաև ամբողջ աշխարհի կայունության համար: Միայն թե ինչքան էլ քաղաքագետներն ասում են, որ աշխարհում դեռևս կուսակցություններից լավ քաղաքական գործիք չի ստեղծվել, տարբեր երկրների ներքաղաքական ճգնաժամերը վկայում են՝ այդ գործիքն արդեն քարե կացնից ավելի առաջադիմական չէ: