Ուկրաինան ՆԱՏՕ-ի գույներով է պճնվում

Խորհրդային անցյալից կտրվելու և միանգամայն անկախ երևալու ձգտումները երբեմն, հիրավի, զավեշտական տեսք են ընդունում: Ի դեպ, ինչպես խորհրդային դարաշրջանի արշալույսին՝ կապիտալիստական անցյալը լիովին ջնջելու անհեթեթ գաղափարախոսության պայմաններում էր: Նման տրամադրություններն ըստ երևույթին առավելապես իշխող են Ուկրաինայում և դրսևորվում են հատկապես նրա ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյի պահվածքում ու որոշումներում:
 
Մայդանի ալիքի վրա իշխանության գալով տարածքներ կորցնող Ուկրաինայում՝ նա ամեն կերպ փորձում է շեշտադրել դեպի Արևմուտք իր ղեկավարած պետության անբեկանելի կողմնորոշումը: Ու այդ նպատակին հասնելու համար չի զլանում մեծագույն պաթոսով ընդգծել այնպիսի մանրուքները, որոնք ծանր խնդիրներ ունեցող պետության համար որոշիչ լինել չեն կարող:
 
Այսօր՝ նույեմբերի 21-ին, իջազորայինների (դեսանտայինների) օրվա առթիվ նա «թևավոր հետևակին» առաջին մուգ գինեգույն (բորդո) բերետներն է նվիրել, որոնք եկել են փոխարինելու   մինչ այժմ ավանդական երկնագույններին:
 
- Այսօրվանից իմ որոշմամբ ուկրաինական իջազորի գույնը դառնում է մուգ գինեգույնը: Այդ գույնի բերետներ՝ իրենց իջազորայիններին նույնացնելու նպատակով, օգտագործում են 59 երկրներում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի 19 պետություններում: Այս կերպ Ուկրաինան ներմուծում է ևս մեկ չափորոշիչ Հյուսիսատլանտյան դաշինքից, որին անդամակցելու անխախտ ձգտում ունի,- Պորոշենկոյի հայտարարությունն է փոխանցել ՏԱՍՍ-ը: 
 
Նաև նշվում է, որ Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է՝ Դոնբասում տեղի ունեցած ուժային գործողությունների ժամանակ  իջզորայինների կորուստը կազմել է 469 մարդ: Թերևս հենց նրանց հիշատակին էլ Պորոշենկոն այս ասպարեզում մեկ այլ փոփոխություն է մտցրել՝ տեղափոխել է մինչ այդ օգոստոսի 2-ին նշվող իջազորայինների օրը: Ախր Ռուսաստանը, նաև ԱՊՀ մյուս երկրները, այդ օրն են նշում: Օրվա փոփոխությունը հենց այդպես էլ բացատրվել է՝ խորհրդային անցյալից ձերբազատվելու ցանկություն: Իսկ տոնական նոր ամսաթվի ընտրությունը երկինքն ինքն է հուշել՝ իջազորայինների երկնային հովանավոր Սբ. Միքայելի օրը:
 
Իսկ թե ՆԱՏՕ-ի գույնի բերետները որքանով ավելի մարտունակ կդարձնեն ուկրաինական զինուժի ստորաբաժանումները՝ դժվար է գուշակել: Բացառված չէ, որ այս փոփոխությունը ՆԱՏՕ-ից բխող աջակցության հույսով լցնի ուկրաինացի իջազորայինների սրտերը և նոր ուժով բոցավառի ատելությունը՝ իրենցից տարածքներ անջատած ռուսների նկատմամբ: Բայց ի՞նչ երաշխիք ունեն, որ ՆԱՏՕ-ն իրենց կհովանավորի, այլ ոչ թե կօգտագործի ու դեն կշպրտի: Երևում է՝ սա բացառելու համար հույսները Սբ Միքայելի վրա են դրել: