ՄԱԳԱՏԷ-ն չարդարացրեց Թրամփի հույսերը

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը պաշտոնապես հաստատել է, որ Իրանը կատարում է միջուկային համաձայնագրի բոլոր պայմանները: Յուկիա Ամանոն այդ մասին խոսել է նոյեմբերի 23-ն Վիեննայում:
 
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը դրանում համոզվել է հոկտեմբերի վերջին Թեհրան կատարած այցի ժամանակ: Նա հավաստել է, որ միջուկային կառույցների աշխատանքի վերահսկողությունը ևս անխոչընդոտ և անխափան է ընթանում: Դրա շնորհիվ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները կարողացել են այցելել բոլոր այն կառույցները, որոնք հարկ են համարել ուսումնասիրել:
 
Ուրախալի է, որ ՄԱԳԱՏԷ-ն ԱՄՆ-ի նվագի տակ ծափ չի տալիս, այլ միանգամայն ինքնուրույն եզրակացություն է հրապարակում: Այս աշնանը Թրամփը շարունակ խոսում է մի կողմից Իրանի և մյուս կողմից միջուկային վեց տերությունների միջև կնքված միջուկային պայմանագրից դուրս գալու մասին, իսկ Կոնգրեսին 60 օր ժամանակ է տվել, որպեսզի Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցները վերականգնելու որոշում կայացնի: 
 
Գուցե Թրամփն այդ որոշումը 60 օրով հետաձգել է՝ հույս ունենալով այդ ընթացքում ՄԱԳԱՏԷ-ից իրեն ցանկալի եզրակացությո՞ւն ստանալ: Չէ՞ որ Միացյալ Նահանգները հրաժարվեց հաստատել Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարումը: Միակ երկիրը ԱՄՆ-ի բարեկամ և Իրանի թշնամի Սաուդյան Արաբիան էր, որն այս ընթացքում հայտարարեց, թե հնարավոր է, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու միջոցներ ունի:
 
Սակայն արաբական այս պետությունը նշված պայմանագրի անդամ չէ: 
Տարածաշրջանում Իրանի դերը հնարավորինս նվազեցնելը, անկասկած, ԱՄՆ-ի օրակարգից դուրս գալ չի կարող, և նա պատժամիջոցների հարցը կշարունակի թեժ պահել: Ժամկետի երկարաձգումը դրա լավագույն տարբերակն է: