Ոչ մի պետություն զերծ չէ կլանային տնտեսությունից

Համաշխարհային տնտեսական համաժողովը հրապարակել է մի ցանկ, որտեղ երևում է, թե ուսումնասիրված 137 պետություններից որոնցում են վտանգավոր հանցավոր կլաններ գործում: Բարձրագույն գնահատականը 7 բալն է, որին ոչ մեկը չի արժանացել: Ասել կուզի` մոլորակի վրա չկա մի պետություն, որտեղ տնտեսության մեջ կլանային գործոնը բացառված լինի:

Ամենաբարձր` 6,8 միավոր վաստակել է Ֆինլանդիան: Պատվավոր եռյակը հավասար` 6,6 միավորով ամբողջացնում են Նորվեգիան ու Օմանը:

Համաժողովի հրապարակած ցանկում (reports.weforum.org պաշտոնական կայքում) ուշագրավ վիճակագրություն է առկա: Օրինակ անսպասելի է, որ Սաուդյան Արաբիան այնտեղ 21-րդ տեղում է` 5,7 միավորով: Բայց եթե մտաբերենք, որ հենց վերջերս այդ երկրում արքայական ընտանիքի հարյուրավոր անդամների ձերբակալեցին յուրացումներ կատարելու մեղադրանքով, այսպիսի բարձր ցուցանիշը զարմանալի չի լինի: 

Զարմանալին այս ցանկում Ադրբեջանի նպաստավոր տեղն է. ալիևյան կլանի օրրանը 5,3 միավորով 43-րդ հորիզոնականում է: Իսկ օրինակ Իսրայելը նրանից հետ է` 51-րդ տեղում (5,3 միավոր):

Հայաստանը նույնպես այս ցուցակում է և ԱՄՆ-ին ու Գերմանիային համարժեք միավոր ունի` 5,0: Ճիշտ է` որոշակի ցուցանիշներ այս երկու գերհզոր տերություններին Հայաստանից առավել պատվավոր հորիզոնականում են տեղադրել. ԱՄՆ-ը 57-րդն է, Գերմանիան` 59-րդը, Հայաստանը` 62-րդը:  

Կլանային տնտեսություններ ունեցող երկրների ցանկի ամենացայտուն ցուցանիշները ունեն վերջին հնգյակի երկրները: Այսպես,  133-րդը Գվատեմալան է` 2,7 միավորով, 134-ը Մեքսիկան է` 2,6 միավորով, 135-ը` Վենեսուելան`  2,5 միավորով, 136-ը` Հոնդուրասը (2,4 միավոր) և վերջապես 137-ը` Սալվադորը (1,5 միավոր): Ընդհանրապես, այս ցուցակը ցույց է տալիս, որ կլանային տնտեսությունը հատուկ է Հարավային Ամերիկայի երկրներին: Նվազագույն 1 միավորը վաստակող չի եղել, իսկ դա, թերևս, նշանակում է, որ բացառապես կլանային երկիր չի լինում:

Եթե «ընկերովի մահը հարսանիք է» խոսքի մեջ ճշմարտության հատիկ կա, ապա մենք կարող ենք մխիթարվել, որ քննվող տեսանկյունից Հայաստանի վիճակն ամենավատը չէ: Բայց եթե նկատի ունենանք, որ մենք մեկ հայրենիք ունենք, ու այդ հայրինիքը աշխարհի առնվազն 10 միլիոն հայի համար ինքնության պատվար է ու ապագայի հեռանկար` չենք կարող գոհանալ նրանով, թե ԱՄՆ-ին կամ Գերմանիային հավասար ենք կլանայնացված:

Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր կնքած Հայաստանը հայացքը պետք է Եվրոպայի հյուսիսին հառի և կլանային տնտեսության դեմ պայքարելու դասեր քաղի Ֆինլանդիայից ու Նորվեգիայից: