Քնեսեթի անդամը դեմ է Բաքվին զինելուն

ԹՇՆԱՄՈՒՍ ԹՇՆԱՄՈւՆ՝ ԸՆԴԴԵՄ ԲԱՐԵԿԱՄԻ՞Ս

Ադրբեջանին զենք վաճառելու իսրայելական քաղաքականությունը, պարզվում է, դժգոհություններ է առաջացնում քաղաքական և տնտեսական  շրջանակներում: Այդ է վկայում դատական մի հայց, ըստ որի Բաքվին անօդաչուներ մարտակարարող Aeronautics ընկերության դեմ ներդրողները 115 մլն դոլարի հայց են ներկայացրել:
 
Թել Ավիվի դատարան ներկայացված հայցում ներառված է նաև Քնեսեթի անդամ Թամարա Զանդբերգի նամակը՝ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանին (հաղորդել է CTech պարբերականը):
 
Իսրայելի խորհրդարանի պատգամավորն իր այդ նամակում երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանին կոչ է անում հետ կանչել արտոնագիրը, որով Aeronautics ընկերությանը թույլատրվում է Ադրբեջանին զենք վաճառել:
 
Քնեսեթի  անդամը խնդրին անդրադարձել է նաև Դիմագրքի իր էջում: Քննադատելով սպառազինություններ և ռազմական տեխնոլոգիաներ արտահանելու իսրայելական քաղաքականությունը՝ Թամարա Զանդբերգը նշել է.
 
- Նոր տեղեկություններից ելներով՝ վերջին տարիներին Իսրայելը դարձել է Ադրբեջանին զենք մատակարարող գլխավոր երկիրը: Եվ դա արվում է` հաշվի չառնելով նրան զենք մատակարարելու նկատմամբ սահմանված բեռնարգելքը: 
 
Իսրայելցի խորհրդարանականի նամակից պարզ է դառնում, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման հիմնական թիրախը Իրանն է, ու նաև դրա շնորհիվ է, որ Ադրբեջանը դարձել է Իսրայելի խոշորագույն նավթի մատակարարը: Նա վկայակոչել է որոշ հաղորդումներ, որոնց  համաձայն Իսրայելը Ադրբեջանին տեղեկություն, զենք և ռազմական տեխնիկա է մատակարարել։
 
Aeronautics ընկերությանը արտոնագրից զրկելու նախադեպն արդեն կա: Այս տարվա օգոստոսին նրան արգելվել է Orbiter 1K անօդաչու սարք վաճառել «կարևոր հաճախորդին»։ Իսկ Times of Israel-ը հայտնել էր, որ թեև իսրայելցի զինվորականները հաճախորդների անունները չեն հայտնում, սակայն հայտարարությունից կարելի էր հասկանալ, որ խոսքը Ադրբեջանի  մասին է։
 
Եվ ի՞նչ է ստացվում. Իսրայելը սպառազինում է Ադրբեջանին, որպեսզի նեղի իր թշնամի Իրանին, սակայն հնարավո՞ր է՝ չի նկատում, որ այդ զենքն ամբողջովին ուղղվում է հայկական կողմի դեմ: Նման կուրությունը, անտարակույս, երևակայությունից վեր է: Գոնե լավ է՝ Թել Ավիվից սկսել են ձայներ հնչել, թե սխալ քայլեր են արվում: Ու նաև հիշել են զենքի մատակարարման բեռնարգելքը, որից կարծես թե մեր դարավոր «բարեկամ» Ռուսաստանը այնքան էլ տեղյակ չէ:
 
Երևում է՝ որոշ երկրներ քաղգրագիտության այս մի դասը չեն սերտել: 
 
Մի բան հաստատ է՝ Ադրբեջանը շարունակում է զինվել ու մեզ սպառնալ: Ու նա չի հանդարտվի, մինչև իր ձեռք բերած զինատեսակները գործի չդնի: Եթե իհարկե, շաբաթն ուրբաթից շուտ վրա չհասնի, ինչպես երբեմն լինում է: Սակայն վայ մեզ, եթե մեր հույսը այս վերջին հանգամանքի վրա ենք դրել…