Թուրքիան մտադիր է սեփական կործանիչները թողարկել

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիային կոչ է արել Իրանի հետ փոխգործակցելիս՝ չանտեսել ՆԱՏՕ-ի շահերը:
 
- Մենք գիտակցում ենք՝ մշակութային և աշխարհագրական սերտ կապերը Թուրքիային մղում են Իրանի հետ փոխգործակցության: Միաժամանակ, դրա շրջանակում նա չպետք է մոռանա, որ որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ պարտավոր է հաշվի առնել դաշինքի շահերը,- ասել է Թիլերսոնը:
 
Մինդեռ Թուրքիան ոչ միայն ՆԱՏՕ-ական ԱՄՆ-ի համակրանքն ու հակակրանքը հաշվի չի առնում, այլև փորձում է իր զինանոցն առավել ինքնուրույն ու զորեղ դարձնել: 2023թ. Էրդողանի երկիրը մտադիր է թողարկել սեփական արտադրության TF-X կործանիչի առաջին նմուշը (Անկարայից հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը): Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը նշել է, որ նախագծի իրականացմանն աջակցում են մի քանի պետություններ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան: 
 
- Մենք նախագծի իրագործման բոլոր փուլերը կանցնենք հնարավորինս արագ, ձգձգումներ չեն լինի: Ճշգրիտ ամսաթիվը դեռևս հայտնի չէ, սակայն մեր նպատակն է փորձնական նմուշն օդ բարձրացնել 2023թ.,- նախարար Նուրեդդին Ջանիքլիի խոսքերն է փոխանցել «Անադոլու» գործակալությունը: 
 
Թուրքիայի պաշտպանության պատասխանատուն ընդգծել է, որ թեև նախագծին տարբեր երկրներ են մասնակցում, սակայն իրենք այնպիսի ուղի են ընտրել, որ վերջնական արդյունքը ստանալիս կախում չունենան որևէ առանձին երկրից կամ ընկերությունից: 
 
2010թ. սկսած՝ Թուրքիան զբաղվում է հեռանկարային կործանիչների մշակմամբ, որոնք պետք է փոխարինեն արդեն հնացած  F-16-երին: Նոր կործանիչերը, ըստ Թուրքիայի ռազմական արդյունաբերության գործադիր կոմիտեի, պետք է նաև հնարավոր լինի համատեղել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների հետ: Նախատեսվում է արդեն 2025թ. թողարկել TF-X կործանիչների 250 նմուշ: Դրանք օժտված են լինելու նորագույն հատկություններով. Օրինակ՝ ռադիոտեղորոշիչ սարքերից դժվարությամբ են նկատվելու: Շարժիչը Eurojet ընկերության արտադրած EJ200-ի տարբերակի է լինելու:
 
Թուրքիայի նման հավակնոտ ու զավթիչ պետության սպառազինության ավելացումը չի կարող չմտահոգել նրա անմիջական հարևաններին: Այսօրվա գիտությունը հնարավորություն է տալիս նույնիսկ միանգամայն աներևույթ թռչող սարքեր ստեղծել: Սակայն որքան հարձակողական զենքը ավելի կործանարար է դառնում, դրան կրնկակոխ հետևում է նաև համապատասխան պաշտպանական միջոցի արտադրությունը: 
 
Գիտության ու տեխնիկայի բնագավառում աշխարհի հայերն անուրանալի ներդրում ունեն, ու հաստատ՝ դժվարությամբ նկատվող թռչող սարքերի դեմ նույնպես կարող են մինչև 2025թ. միջոց ստեղծել: Թերևս միակ խնդիրը սպառնալիքի չափը գիտակցելն է: Զարմանալի է, բայց ամեն անգամ մեզ ծվատող հերթական արհավիրքը հաղթահարելուց հետո սկսում ենք մեզ լիովին ապահով զգալ ու հանգիստ զբաղվել ուրիշ գործերով: Հենց այդ պատճառով էլ աղետները մեզանից անպակաս են լինում: Ժամանակն է գիտակցելու, որ հայի համար խաղաղ ժամանակներ չեն լինում: Մենք պետք է տնտեսավարենք, արարենք, գյուտեր անենք ու պարզապես ապրենք՝ «հրացանը» ձեռքից ցած չդնելով: