Փորձեր` թուլացնելու Կորեական թերակղզու լարվածությունը

Դեկտեմբերի 4-8-ը անցկացվող «Աչալուրջ վարպետ» (Vigilant Ace) զորավարժություններին է անդրադարձել Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ այս զորավարժությունները (ինչպես «Ավանգարդն» արդեն տեղեկացրել է) Հյուսիսային Կորեայում համարել էին «ԿԺԴՀ-ի դեմ անթաքույց համապարփակ սադրանք» և նշել, թե դա միջուկային պատերզմի վտանգ է պարունակում: Եվ դա ասել էին մի երկրում, որն ընդամենը մի քանի օր առաջ «Հվասոն-15» անունով բալիստիկ հրթիռ է փորձարկել:
 
Պեկինն էլ, ահա, Կորեական թերակղզում առկա իրավիճակը գնահատում է որպես «չափազանց զգայուն» և շահագրգիռ կողմերին կոչ է անում կատարել ավելի շատ գործողություններ, որոնք հնարավոր կդարձնեն թուլացնել լարվածությունը տարածաշրջանում և խուսափել փոխադարձ սադրանքներից: 
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանն էլ մտադիր է այսօր Չինաստանից մեկնել ԿԺԴՀ և մինչև դեկտեմբերի 8-ը այնտեղ քննարկել «ընդհանուր հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցեր»: Նաև սպասվում է, որ Փհենյանում նա հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի՝ այդ երկրում աշխատող գործակալների և դիվանագետների հետ: Տեղեկությունը լրագրողներին է փոխանցել գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: 
 
Նաև հաղորդվել է, որ Չինաստանում Ֆելթմանը հանդիպել է մի շարք պաշտոնական դեմքերի հետ, իսկ ԿԺԴՀ այցի ժամանակ գտնվելու է Փհենյանում: Ապառազմականացված գոտի այցելելու մասին խոսք չի եղել: Դյուժարիկը խուսափել է պատասխանել հարցին, թե Փհենյանում նախատեսվո՞ւմ է արդյոք Ֆելթմնի և Կիմ Չեն Ընի հանդիպումը:  
 
Չինաստանի ԱԳՆ-ի ու ՄԱԿ-ի այս նախաձեռնությունները, անշուշտ, ի զորու չեն վերացնել միջուկային պատերազմի սպառնալիքը: Բայց գուցե սրանք դեպի այդ նպատակը թռչող առաջին ծիծեռնակներն են, ու դեռևս կգործադրվեն առավել արդյունավետ միջոցներ: Սակայն եթե նորից ամենաարդյունավետը համարվելու է ԿԺԴՀ-ի դեմ կիրառվող խիստ պատժամիջոցներն առավել խստացնելը, ապա դրական տեղաշարժի մասին չարժե անգամ երազել: