Եվրոպացիների հարբեցողության սանդղակը

ՉԷ՞ ՈՐ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ...

Վիճակագիրներին հետաքրքրել է, թե Եվրամիության անդամ երկրները որքանո՞վ են հարբեցողության հակված: Պարզվել է, որ անցած տարի եվրոպացիները ալկոհոլային խմիչքների համար ամբողջ 130 մլրդ եվրո են ծախսել: Իսկ դա ԵՄ-ի ՀՆԱ-ի գրեթե 1%-ն է: Իսկ առաջատարները Բալթիկ ծովին հարող երկրներն են: Ալկոհոլին բաժին հասնող սպառողական ծախսերով Մերձբալթիկային գերազանցող չի եղել (համաեվրոպական միջին ցուցանիշը 1,6% է):
 
Սակայն եթե նկատի ունենանք, որ դրանք հյուսիսային ցուրտ երկրներ են, ալկոհոլի նկատմամբ նրանց սերը զարմանալի չի լինի: Մերձբալթյան երկրների այս արտահայտված հակումը թերևս մեկ այլ պատճառ ևս ունի՝ նրանք չէ՞ որ սահմանակից են Ռուսաստանին...
 
Ալկոհոլ սիրող ԵՄ երկրների ցուցակը գլխավորում է Էստոնիան: Այնտեղ քաղաքացիների սպառողական ծախսերի 5,6%-ը բաժին է ընկել սպիրտային խմիչքներին: Նրան հետևում են հետխորհրդային մյուս երկու երկրները՝ Լատվիան (4,8%) և Լիտվան (4,2): Ցանկը շարունակում են Լեհաստանը և Չեխիան՝ 3,6-ական տոկոսով: Ամենասթափը, պարզվել է, Իսպանիայի բնակիչներն են. նրանք իրենց սպառողական ծախսերի 1%-ից էլ պակասն են ալկոհոլին տրամադրում: (Տվյալները հրապարակել է «Եվրոստատ» պարբերականը): 
 
Եթե նման վարկանիշ կազմվեր ամբողջ աշխարհի համար, երևի այս աղյուսակում եվրոպական երկրները սրընթաց վայրէջք կկատարեին: Թե ո՞ր երկիրը կլիներ առաջինը, դժվար է ասել, համենայնդեպս՝ Ռուսաստանը դրա թեկնածուներից կլիներ: 
 
Միայն թե մեր դարի չարիքն ամենևին էլ հարբեցողությունը չէ, սա երևի հենց չարյաց փոքրագույնն է: Որովհետև թմրամոլությունն այնքան է տարածվել, որ որոշ երկրներ սկսել են մարիխուանայի արգելքը վերացնել՝ հույս ունենալով այդպիսով թուլակամներին զերծ պահել առավել ուժեղ թմրամիջոցների նկատմամբ ձգտումից: Սակայն մի կողմից արգելված պտղի քաղցրությունը շատերին է մղում այն անպայաման «համտեսել», մյուս կողմից էլ եթե բոլոր արգելքները վերացվեն, մի՞թե երաշխիք կա, որ այս կործանարար երևույթն այդպիսով կվերանա: 
 
Բայց ի՞նչն է մարդուն հարբեցող ու թմրամոլ դարձնում: Երևի առաջին հերթին անբովանդակ, բարձր ձգտումներից զուրկ կյանքը, դժվարությունների առաջ ծնկի գալու թուլակամությունը: Հիմա երկրագնդի ամեն մի խուլ անկյունում դպրոց ու համալսարան է գործում, բայց ո՞ւմ մտքով է անցնում դրանք օգտագործել մարդուն մարդ դաստիարակելու, այլ ոչ թե հարբեցող ու թմրամոլ, ահաբեկիչ կամ կատարյալ եսեասեր դարձնելու համար: