Թուրքական դիվանագիտության տիեզերական հեռանկարը

ՏԻԵԶԵ՞ՐՔՆ ԵՆ ԹՐՔԱՑՆՈՒՄ

Ուկրաինական «Էնկի» կայքը այդ երկրի բուհերի ուսանողներին կոչ է անում թողնել իրենց անօգուտ ուսհաստատությունները և տեղավորվել Անթալիայի համալսարանում, որպեսզի ձեռք բերեն միջմոլորակային դիվանագետի միանգամայն օրինական դիպլոմ:
 
- Այստեղ բացվել է մի ամբիոն, որը կարող է տալ մարդկության համար տեսականորեն ամենօգտակար կրթությունը: Ճիշտ է՝ դա առայժմ ավելի շատ խաբեբայության և խավարամտության է նման,-ազդարարում է հրապարակումը:
 
Այսպիսով, Անթալիայում գտնվող Ակդենիզի համալսարանում բացված ուֆոլոգիայի և էքզոքաղաքականության ամբիոնը պարբերականը գնահատել է որպես փոքրիկ քայլ՝ այն ստեղծող և դրա շնորհիվ ամբիոնի վարիչի կարգավիճակ ստացած Էրհան Քոլբասիի համար և վիթխարի քայլ՝ ամբողջ մարդկության համար: Ուսանողներն այնտեղ հմտանալու են այլմոլորակային դեսպանի արհեստի մեջ: Նրանց պատմելու են ՉԹՕ-ների և այլ մոլորակների տեսակների մասին, ապա նաև հասկացնելու են, թե պետություններն ինչ միջոցների են դիմում, որպեսզի մարդկությունից թաքցնեն այլմոլարակայինների հետ շփումները, ինչպես նաև սովորեցնելու են նման այլ օգտակար բաներ: 
 
Նորաթուխ ամբիոնի վարիչն ինքը համոզմունք է հայտնել, թե արդեն 10-15 տարի անց մարդկությունը համակողմանի շփումներ է ունենալու Սիրիուսի արտերկրային մարդատեսակի հետ,  իսկ առայժմ օգտվում է նրանց պարգևած այնպիսի առարկաներից, ինչպիսիք են, օրինակ, միկրոչիպերը, օպտիկական մանրաթելերը, գիշերային տեսասարքերը: 
 
Ուկրաինական պարբերականը, սակայն, որոշ կասկածներ ունի, թե Էրհանի ղեկավարությունը նրան ճիշտ չի հասկացել: Նրա կազմակերպած այլադիվանագիտության խմբի անունն է «Սիրիուսի ուսումնասիրության կենտրոն», իսկ դեկանատում գուցե մտածել են, թե խոսքը Սիրիայի մասին է: Իսկ եթե այդպես է, նրանց մեծ անակնկալ է սպասում:
 
Ասում են՝ թուրքերի դիվանագիտությունը շատ ուժեղ է: Եթե նկատի ունենանք, որ այդ ուժեղ դիվանագիտության ամենասուր զենքերն են եղել խաբեությունը, կեղծիքը, շողոքորթությունը, դաժանությունը, մարդկային զգացմունքների ու թուլությունների վրա խաղալը, պետություններին ու մարդկային խմբերին իրար դեմ հանելը, տված խոսքն իրեն հարմար պահին դրժելը և այլն, և այլն, ապա պետք է խոստովանել՝ այն այժմ մեծագույն թռիչք է գործել: 
 
Երևում է՝ թուրք գիտնականը համոզված է, որ իրենց ավանդական եղանակներով հնարավոր չի լինի նվաճել քաղաքակրթությունը (որպեսզի սովորության համաձայն հետագայում այն թուրքական հռչակեն), ուրեմն հարկավոր է նոր դիվանագիտություն մշակել: Իսկ եթե Սիրիուսի բնակիչների հետ շփվելու համար այն ավելորդ լինի, գոնե կօգնի կարգին հարաբերություններ կառուցել Սիրիայի հետ: