Թրամփը շշից բաց թողեց ջինին

Դոնալդ Թրամփը երեկ՝ ուղիղ որոշված ժամին (որը համապատասխանում է Երևանի ժամանակով ժամը 22:00-ին), հայտարարեց, որ Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք և հանձնարարեց սկսել ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից սուրբ քաղաք տեղափոխելու գործը: Այդպիսով ԱՄՆ 45-րդ նախագահը, պատկերավոր ասած՝ շշից բաց թողեց մի շատ վտանգավոր ջինի:
 
- Այսօրվա որոշումը ոչ այլ ինչ է, քան իրականության ճանաչում,- ազդարարել է Թրամփը:
 
Իսկ իրականությունն այն է, որ ԱՄՆ-ի այս քայլի մասին նախօրոք տարածված լուրերը բուռն արձագանք գտան տարածաշրջանի իսլամադավան երկրներում և անտարբեր չթողեցին նաև մյուսներին: Դրա դեմ արտահայտվեցին Թուրքիայի, Իրանի, արաբական երկրների պաշտոնական դեմքերը՝ նախազգուշացնելով, որ նման հայտարարությունը խիստ պայթյունավտանգ է տարածաշրջանի համար:
Ուստի պատահական չէ, որ  Թրամփի հայտարարությունից ժամեր առաջ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին Պաղեստինին զսպվածության կոչ էր արել: 
 
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հեռախոսազրույցում Մոգերինին հաստատել է Եվրամիության հանձնառությունը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծել երկու պետությունների սկզբունքների հիման վրա: Նա նշել է, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով:
 
Իրականություն է նաև այն, որ Իսրայելի իշխանությունները Երուսաղեմը համարում են իրենց մայրաքաղաքը, իսկ Պաղեստինի ազգային իշխանությունը քաղաքի արևելյան մասն իր տարածքն է համարում: 1967թ. վեցօրյա պատերազմի ժամանակ Իսրայելն այն զավթել է, սակայն Պաղեստինը մտադիր է Արևելյան Երուսաղեմը հետագայում հռչակել իր ապագա պետության մայրաքաղաքը:
 
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ըստ էության, Արևելյան Երուսաղեմը համարում է գրավված պաղեստինյան տարածք:
 
Իր այս քայլով Թրամփը, փաստորեն, վերջակետ է դնում ԱՄՆ-ի տասնամյակների քաղաքականությանը, համաձայն որի Երուսաղեմի կարգավիճակի հարցն այդ երկուսի՝ իսրայելական և պաղեստինյան պետությունների լուծելիք խնդիրն է: Միացյալ Նահանգները սրանով ուղղակիորեն դառնում է Իսրայելի շահերի պաշտպանը: 
 
Իսրայելի արձագանքը չի ուշացել: Այդ երկրի վարչապետը Թրամփի հայտարարությունից անմիջապես հետո երախտագիտություն է հայտնել՝ «խզախ և արդարացի» որոշման համար:  
 
Հենց նույն օրն էր Ռուսաստանից հայտարարություն հնչել, թե Սիրիան ամբողջովին ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից: Այդ երկրում ԻՊ-ի լիակատար ոչնչացման մասին հայտատարել է ՌԴ բանակի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ լուրն ավետել է նախագահ Պուտինին: 
 
Սա թերևս նշանակում է, որ Մերձավոր Արևելքը ծվատող պատերազմական իրավիճակը կարող է հանդարտվել: Երևում է՝ ոմանց դա ոչ մի չափով ձեռնտու չէ, հարկավոր է հակամարտության նոր օջախ բորբոքել: Իսկ քանի որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը նույնիսկ անթեղված չես ասի, ապա այն բորբոքելու և ամբողջ տարածաշրջանը վերստին պատերազմի թատերաբեմ դարձնելու համար Թրամփի կարճ հայտարարությունն էլ է բավարար: