ՉԹԱ՞-ն է կանխել վթարի դժբախտ հետևանքները

Մեր մոլորակի առօրյայում ճանապարհատրանսպորտային պատահարներն այնքան սովորական են դարձել (և ցավոք՝ այնքան կորստաբեր), որ հաստատուն տեղ են գրավում ԶԼՄ-ների լրահոսում: Սակայն ԱՄՆ Օրեգոնա նահանգի Փորթլենդ քաղաքում տեղի ունեցածը սովորականների շարքին չես դասի: Ականատեսներից շատերը պնդում են, թե դրան ՉԹԱ (չբացահայտված թռչող առարկա) է միջամտել:
 
Ինչ-որ պահի բեռնատարն սկսել է չենթարկվել, վարորդը չի կարողացել դրությունը շտկել, այնպես որ ավտոմեքենան շատ անհաջող կերպով կողաշրջվել է: Մինչդեռ համացանցով երևույթը դիտողներին այդ իրադարձությունը չէ, որ գրավել է:
 
Ամենասրատեսները նկատել են մի փայլատակող կետ, որը վթարից վայրկյաններ առաջ սավառնել է երկնքում: Ոմանք ենթադրել են, թե դա ասուպ է, և այդ հազվագյուտ երևույթն է գրավել վարորդի ուշադրությունը՝ վթարի պատճառ դառնալով: Իսկ նրանք, ում հոգուն ավելի մոտ է եկվորների տիեզերանավի գաղափարը, պնդում են, թե դա հենց այլմոլորակային թռչող սարք է եղել, որն էլ անսովոր կերպով նախագուշակել է ողբերգությունը:
 
Ինչ էլ որ եղած լինի՝ ամեն ինչ լավ ավարտ է ունեցել: ՃՏՊ-ն իրոք սարսափելի իրավիճակ է ստեղծել, սակայն, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Ու թերևս հենց սրա համար է, որ երկնքում փայլատակած թռչող առարկան ականատեսները ՉԹԱ են համարել՝ մտածելով, թե այլ մոլորակներից ժամանած բանական արարածներն են արտասովոր եղանակներով կանխել դժբախտ պատահարի ողբալի հետևանքները: 
 
Ո՞ւր էր, թե գոնե այլմոլորակայինները մտածեին մարդու անմիտ գործունեության հետևանքները վերացնելու և ամեն օր բազմաթիվ մարդկային կյանքեր խլող իրավիճակներն անվտանգ դարձնելու մասին:
 
Անզորությունից՝ հիմա էլ ուզում ենք հույսեր կապել բարի այլմոմորակայինների անշահախնդիր օգնության վրա:
Ինչ մնում է նշված վթարից առաջ երկնքում հայտնված լուսավոր կետին, ապա լուսատու հզոր սարքերի 21-րդ դարում այն միանգամայն կարող էր երկրային ծագում ունենալ: Այնպես որ՝ կարևորը մարդու բախտն է, որն այս անգամ ուղղակի լայնորեն ժպտացել է վթարի մասնակիցներին: