Հարյուր հազար ռոհինջա` Ռոբինզոն Կրուզոյի դերում

Մյանմայում իսլամ դավանող ռոհինջաների դեմ հալածանքը բազմաթիվ մարդկանց փախստական է դարձրել: Բանգլադեշն էլ ահա գտել է իր հավատակիցներին տեղավորելու բանալին՝ Բենգալյան ծացի անմարդաբնակ կղզիներից մեկը տրամադրել է նրանց:
 
Նախատեսվում է հեղեղումների ենթակա Թենգար Չար կղզում հարյուր հազար ռոհինջայի վերաբնակեցնել, սակայն դրանից առաջ այն դեռևս պետք է կառուցապատեն:
 
Լուրը հաղորդող Սի-ԷՆ-Էն-ը տեղեկացրել է, թե տվյալ ծրագիրը նախատեսում է 278 մլն դոլարի ծախս և ժամկետ է առաջադրում մինչև 2019թ. նոյեմբերը: 
 
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն, փախստականներին վերաբնակեցնելու այս ծրագրին հավանություն չեն տալիս: Նրանց կարծիքով՝ դա հուսահատ քայլ է, որի հետևանքը կարող է լինել ռոհինջաներին փախստականների ճամբարներից հանելը, ինչից հետո նրանք ի վերջո ստիպված կլինեն Մյանմա վերադառնալ, իսկ դա վտանգում է նրանց ապահովությունն ու բարեկեցությունը:
 
Եթե այդ կղզում վերաբնակվողները ստեղծագործ ու աշխատասեր մարդիկ լինեն, երևի կկարողանան անբնակ կղզին ծաղկուն այգեստան դարձնել և վայելել իրենց ընձեռված ազատությունն ու նոր հնարավորությունները:  Սակայն ելնելով միջազգային իրավապահների արձագանքից՝ պետք է եզրակացնել, որ դա անհեռանկար ծրագիր է, որի միջոցով գուցե Բանգլադեշը պարզապես ձգտում է հետագայի համար ինչ-որ բանի պիտանի դարձնել իր ամայի ու անապահով կղզին: