ԱՄՆ-ը որոշել է կանխել ահաբեկիչներից բխող նոր վտանգը

ԹՐԱՄՓԸ՝ ՈՆՑ ՄԻԱՊԵՏ

Միացյալ Նահանգների Ներքին անվտանգության նախարարությունը երեկ հայտարարել է իր կազմում նոր կառույց՝ զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) հակազդման բաժանմունք ստեղծելու մասին:
 
Դրա անհրաժեշտությունը հուշել են այդ երկրի հատուկ ծառայությունները, որոնք զգուշացրել են՝ մեծացել է վտանգը, որ ահաբեկչական խմբավորումները, ինչպես նաև որոշ կարգազանց երկրներ (այսպես ասած՝ իզգոյ) կարող են քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական կամ միջուկային զենքեր կիրառել:
 
Ըստ նախարարության նոր ղեկավար Քրիսթիեն Նիլսենի հայտարարության՝ այդ առումով ԱՄՆ բնակիչներին սպառնացող վտանգը գնալով ահագնանում է:
 
- Մենք պարտավոր են թշնամուց մեկ քայլ առաջ լինել, և այս բաժանմունքի ստեղծումը կարևոր մասն է այդ ուղղությամբ մեր ջանքերի,- նշել է նախարարը:
 
Երեկ հրավիրված նիստի ժամանակ նախարարության պաշտոնյաներն ասել են, թեմհետախուզական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ահաբեկիչները գործուն կերպով փորձում են ԶՈԶ ստանալ, մարտական գործողությունների ժամանակ նման զենքերի տարբեր տեսակներ են փորձարկում ու նաև հնարավոր է՝ մշակում են դրանց կիրառման նոր եղանակներ (հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը):
 
- ԶՈԶ-ի կիրառմամբ ահաբեկչական գործողությունը կործանարար ներգործություն կունենա մեր երկրի և ամբողջ աշխարհի համար,- նշվում է Ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ:
 
Այն, որ ահաբեկչական խմբավորումները, հնարավորություն ունենալու դեպքում, չեն վարանի գործի դնել զանգվածային ոչնչացման զենքեր՝ կասկածի ենթակա չէ: Չէ՞ որ մարդակերպ այդ չարագործների միակ նպատակը հնարավորինս մեծաթիվ անմեղ մարդու կյանքից զրկելն է: Սակայն շատ հնարավոր է, որ ԱՄՆ այս նախաձեռնությունն առաջին հերթին ուղղված է որոշ երկրների դեմ, որոնց իրենք կարգազանց կհայտարերն: (Հիշենք, օրինակ, թե միջազգային կառույցներն ինչպես են ամեն կերպ փորձում ապացուցել, որ Սիրիայի կառավարական զորքերը քիմիական զենք են կիրառել):
 
Որ ահաբեկիչների կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը, իրոք, աշխարհի համար կործանարար կլինի՝ նույնպես կասկածից վեր է: Միայն թե հավատ չի ներշնչում աշխարհի համար ԱՄՆ-ի նախագահի մտահոգված լինելը: Որովհետև եթե աշխարհի ապահովությունը նրա համար նշանակություն ունենար, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք չէր հռչակի՝ հակառակ Իսրայելից բացի մնացյալ ամբողջ աշխարհի. քայլ, որի կործանարար հետևանքներն սկսեցին ի հայտ անմիջապես: 
 
ԱՄՆ-ը իրեն ժողովրդավարական երկիր ու դրա գաղափարների ջատագով է հռչակել: Բայց նրա 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը հետևողը չի կարող չմտածել, որ այն կարծես դառնում է միապետություն , որտեղ միայն նախագահի խոսքն է անցնում: Ընդամենը մեկ տարի «թագավորելով»՝ Թրամփը այնպես է խճճել դեպի խաղաղություն տանող բոլոր ճանապարհները, որ Արիադնայի թելն անգամ չի կարող մարդկությանը նրա բավիղներից անվնաս դուրս բերել: