Խաղաղության նոբելյան մրցանակը որքանո՞վ է նպաստում խաղաղությանը

Խաղաղության նոբելյան մրցանակն այս անգամ բաժին է հասել միջուկային զենքի տարածման դեմ պայքարողներին: Այն շնորհվել է Միջուկային զենքի արգելման միջազգային կազմակերպությանը (International Campaign to Abolish Nuclear Weapons` ICAN): Թե ստացած մրցանակն ինչպես է նպաստելու, որ նման կազմակերպություններն արդյունքի հասնեն` ոչ ոք չի կարող կանխատեսել:

Եթե հիշենք, որ նույն մրցանակին հեղինակավոր հանձնախումբն արժանացրել էր նաև ԽՍՀՄ միակ նախագահ Գորբաչովին` այն դեպքում, երբ նրա գործունեության հետևանքով երկրագնդի 1/6-ը կազմող տարածքում ազգամիջյան աննախադեպ բախումներ բորբոքվեցին, երբ սումգայիթյան անպատժելիությունը դռներ բացեց նորանոր սպանդների համար, ապա դրան վստահելն այնքան էլ խելքին մոտ չէ: Իսկ եթե Գորբաչովին պարգևատրեցին ԽՍՀՄ-ը քանդելու համար, ապա մի՞թե դրանից աշխարհի խաղաղությունն ավելացավ:

Այս տարվա Նոբելյան մրցանակաբաշխության ժամանակ առավել դիպուկ է եղել Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգի ելույթը:  Նրա խոսքով` Միջուկային զենքի արգելման պայմանագիրը (ՄԶԱՊ) համընդհանուր զինաթափման հնարավորություն չի ստեղծում, քանի որ միջուկային տերությունները դրան չեն աջակցում:

- Մեզ հարկավոր է հասնել փախադարձ զինաթափման և միջուկային զենքից զերծ աշխահի, միայն թե այդ նպատակին հասնելու համար գործընթացին պետք է մասնակցեն նրանք, ովքեր դրան տիրապետում են: Այդ նպատակին չես հասնի մի պայքմանագրի միջոցով, որի մասնակիցները միջուկային տերություններ չեն,- Սուլբերգի խոսքերն է փոխանցել Նորվեգիայի հեռագրական գործակալությունը:

Նորվեգիայի կառավարության ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ լինելով` իր երկիրը չի կարող միանալ ՄԶԱՊ-ին, քանի որ միջուկային զենքն այդ կառույցի պաշտպանական հայեցակարգի բաղադրիչ է, իսկ Նորվեգիան դա անտեսել չի կարող:

Իր ժամանակին Նոբելը թերևս չէր էլ կարող ենթադրել, որ վաղը մոլորակի խաղաղությանն իր ստեղծած ուժանակից (դինամիտ) բյուրապատիկ հզոր միջոցներ են սպառնալու: Կարծիք կա, թե իր միջոցները կտակելով գիտնականներին խրախուսող այս հիմնադրամին` նա կարծես փորձել է քավել մեղքն այն վնասների, որոնք իր գյուտն է պատճառում մարդկությանը:

Բայց եթե սրա մեջ ճշմարտության հատիկ կա, ապա կարելի է հարցին հակառակ կողմից մոտենալ` պատժելով բոլոր նրանց, ովքեր մահացու զենքեր կստեղծեն, կարտադրեն, կտարածեն ու դրանցով ուրիշներին կսպառնան: ՄԱԿ-ը, օրինակ, ԱՄՆ-ի շահերից ելնելով` այսուայն երկրի դեմ պատժամիջոցները խրախուսելու փոխարեն, կարող է իր գործը դարձնել  ՄԶԱՊ-ին միանալուց հրաժարված երկրներին դաս տալը: Եթե, իհարկե, ուժը պատի: