Եվրոպայի Միացյալ Նահանգնե՞ր, թե՞ համահարթեցման նոր գործիք

Գերմանիայում ոչ մի խորհրդարանական քաղաքական ուժ չի ուզում ընտրություններում փոքր առավելությամբ հաղթած իշխանական կուսակցության հետ կոալիցիա կազմել, և Եվրամիությունում կարևոր դիրք ունեցող այս երկիրը հայտնվել է քաղաքական կաթվածի իրավիճակում: Բանն այնտեղ է հասել, որ եվրոպական մյուս երկրներն են սկսել քաղաքական կուսակցությունների առաջնորդներին կոչ անել, որ Մերկելի կուսակցության հետ կոալիցիա կազմեն:
 
Ֆրանսիայի ու Հունաստանի ղեկավարները, օրինակ, նման հորդորով դիմել են Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցին:
 
Իսկ Շուլցը քաղաքական փակուղուց դուրս գալու վերաբերյալ բանակցությունների մեկնարկից առաջ ներկայացրել է պահանջներ, որոնք կարող են ճակատագրական լինել ամբողջ Եվրոպայի, եթե չասենք՝ մարդկության համար: Նա առաջարկել է առաջիկա 8 տարում ստեղծել Եվրոպայի Միացյալ Նահանգներ՝ միաժամանակ խորացնելով եվրոպական ինտեգրման գործընթացը: Իսկ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն էլ հավանություն է տվել այս գաղափարին:
 
- Եվրոպական սահմանադրական համաձայնագրի անհրաժեշտություն կա, որի հիման վրա կարող է ստեղծվել դաշնային Եվրոպան,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի պատասխանատուն: 
 
Իսկ ԵՄ անդամ այն երկրները, որոնք կհրաժարվեն համագործակցելու նման տարբերակից, միությունից ինքնաբերաբար դուրս կմնան: Քաղաքական ճգնաժամ ապրող երկրի բարձր պաշտոնյան նշել է, թե դրա իրագործումը հնարավորություն կընձեռի, որ Եվրոպան աշխարհում «իր քաղաքացիների շահերն ավելի լավ ներկայացնի»:
 
Ամերիկայի Միացյալ Նահանգների և նախատեսվող այս քաղաքական նոր միավորի անունների նմանությունը, կամա-ակամա, համեմատության է մղում: Հյուսիսային Ամերիկայում հսկայական տարածքների վրա երկու-երեք դարում ձևավորված վարչական միավորները Եվրոպայի բազմադարյան պատմություն ունեցող երկրների հետ չես համեմատի, իսկ 241 տարվա անկախություն ունեցող այդ երկրի բազմազգ ու բազմառասա բնակչությունը խոսում է մեկ լեզվով՝ անգլերեն: 
 
Նրա օրինակով Եվրոպայի Միացյալ Նահանգներ ստեղծելու ջատագովներն ի՞նչ են մտածում` ո՞ր լեզուն է դառնալու բոլորին միավորողը: Բնականաբար, բոլորը պետք է մտածեն` անգլերենը: Իսկ գերմանացիները պատրա՞ստ են իրենց լեզուն երկրորդել կամ մոռանալ և նախապատվությունը տալ անգլերենին:
 
Իրականում անգլերենն ու գերմաներենն այնքան մոտ լեզուներ են, որ եթե նույն պետության կազմում գործածվեին, պետք է որ ոչ թե առանձին լեզուներ համարվեին, այլ նույն լեզվի տարբեր բարբառներ (ինչպես, ասենք, հայերենի արարատյան և խոյի բարբառները): Իսկ գուցե անկախ պետություն լիենլը գերմանացիներին ձանձրացրե՞լ է, կամ իրե՞նք են սկսել իրենց լեզուն պարզապես բարբառ համարել, որը հարկավոր է փոխարինել «գրական անգլերենով»:
 
Լեզվի հարցը դեռ մի կողմ, կան նաև նույն լեզվով խոսող, սակայն լիովին անկախ պետություններ: Սակայն չէ՞ որ նմանօրինակ արհեստական միավորումները մղվում են մի հուն, որտեղ ամեն ինչ համահարթեցվում է, դառնում միատեսակ, անդեմ ու անսկզբունք: Իսկ այդ ամենի ներսում ի հայտ են գալիս այնպիսի հակասություններ, որոնք չարիք են դառնում բոլորի համար: 
 
Իսկ գուցե սեփական «քաղաքացիների շահերն ավելի լավ ներկայացնելու» բանալին պարզապես հանդուրժողականությունն ու հարգանքն է այն ամենի հադեպ, ինչը քեզ հատուկ չէ, սակայն քո ունեցածից պակաս գեղեցիկ ու օգտակար չէ: Վերջիվերջո աշխարհը զանազան միությունների մեջ խցկելու ջանքերը ի՞նչ են տվել մարդկությանը, բացի սպառազինությունների մրցավազքից, իրար դեմ թշնամանքից, ազգային լավագույն ավանդույթների ոտնահարումից, անգամ մարդկային սեռերի տարբերություններն անտեսելուց:   
 
Այսօր ԱՄՆ գրեթե բոլոր նահանգներն ընդունել են Հայոց ցեղասպանությունը, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետությունը միտք էլ չունի հարգել նրանց կամքը և այդ ամենին պետության մակարդակով պաշտոնական ուժ տալ: Այնպես որ՝ եվրոպական երկրները պետք է որ չանտեսեն այս կարգի կարևոր «մանրուքները»: