Ձախողումից խուսափելու ճանապարհ՝ Ռեքս Թիլերսոնի համար

Վերջերս լրատվամիջոցներն սկսել են լուրեր տարածել, թե ԱՄՆ նախագահ Թրամփը մտադիր է փոխել երկրի արտաքին գործերի պատասխանատուին: Եվ ահա պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոսել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ վարվող քաղաքականության հետագա զարգացման գործում իր անձնական պատասխանատվության մասին: Նա ասել է, թե եթե ԱՄՆ-ը հարկադրված լինի ԿԺԴՀ-ի դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ դա իր անձնական ձախողումը կլինի:
 
Թիլերսոնը նշել է, թե Վաշինգտոնն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի Հյուսիսային Կորեային նստեցնի միջուկային զինաթափման վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջը (հաղորդել է «Ֆրանս պրես» գործակալությունը): Իսկ եթե դիվանագիտություններն ու պատժամիջոցները հաջողություն չբերեն, և ստիպված գործի անցնեն ԱՄՆ զինված ուժերը, որպեսզի կանխարգելիչ հարված հասցնեն, դա իսկական ձախողում կլինի: 
 
- Մենք սոսկ կարող ենք մեր ներդումն ունենալ, իսկ իր ապագան պետք է Փհենյանի վարչախումբն ինքը որոշի,- ասել է ԱՄՆ դիվանագիտության գլխավոր դեմք Թիլերսոնը:
 
Սեփական պաշտոնն ու անձնական հաջողությունները ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափման «զոհասեղանին» դրած Թիլերսոնը միայն մեկ բան է մոռացել շեշտել: Այն, որ իր ներկայացրած միջուկային գերտերություն ԱՄՆ-ը, միջուկային հզոր զինանոցներ ունեցող մնացած երկրների նման, հրաժարվում է ստորագրել Միջուկային զենքի արգելման պայմանագիրը (ՄԶԱՊ): Իսկ քանի որ նրանք զինաթափվելու գոնե հեռավոր մտադրություն չունեն, Կիմ Չեն Ընը, հաստատ, նման քայլի չի դիմի: 
 
Եվ ուրեմն ի՞նչ է ստացվում՝ ձախողում է սպասվում ոչ միայն անձամբ Թիլերսոնին, այլև մոլորակի խաղաղությանը: Սա կանխելու համարն Թիլերսոնն իր գործը պետք սկսի սեփական երկրի միջուկային զինանոցը կրճատելուց, որպեսզի Փհենյանին համոզի, որ բանակցությունները կարող են արդյունք տալ: