Զբոսաշրջիկների համար Իսպանիան այլևս գրավիչ չէ

Կատալոնացիների անկախության ձգտումները Իսպանիայի համար ոչ միայն իսկական գլխացավանք դարձան և քաղաքական մեծ լարվածություն առաջացրին, այլև կարող են տնտեսական աղետ բերել: Այդ են վկայում Reputation Institute հետազոտական ընկերության զեկույցի տվյալները: Դրա համաձայն` Իսպանիայի տնտեսությանը սպառնում է 12 մլրդ եվրոյի կորուստ, քանի որ կտրուկ անկում է ապրել զբոսաշրջությունը:

Զեկույցի համաձայն` 2017թ. մարտի հետ համեմատած` եվրոպացիների աչքին Իսպանիայի զբոսաշրջային գրավչությունը նվազել է 3,1 կետով, և դրա պատճառը Կատալոնիային առնչվող իրադարձություններն են: Դրանից բացի, 10 եվրոպացիներից վեցն այն կարծիքին է, թե տարածաշրջանի ճգնաժամի պատճառով արդեն իսկ տուժել է այսպես կոչված իսպանական որականիշը:

Սա էլ իր հերթին կարող է ներդրումների կրճատման հանգեցնել: Ենթադրվում է, որ իրական ներդրումները կկրճատվեն 1,95%-ով: Պարզվել է, եվրոպացիների ձգտումը` այցելել Պիրենեյան թագավորություն, նվազել է 5 կետով: Սա նշանակում է, որ զբոսաշրջիկների հոսքը կնվազի 15,3%-ով, և 2018թ. երկիրը կփակի վերը նշված 12 մլրդ եվրոյի կորստով:
Իր զբոսաշրջային «պիկին» Իսպանիան հասել է 2016թ., երբ նրա զբոսաշրջային վայրեր է այցելել 75,6 մլն` նախորդ տարվանից 10,3%-ով ավելի արտասահմանցի:

Իսպանիայի համար ամենախնդրահարույցն այն է, որ ատասահմանցի հյուրերն առանձնապես սիրով այցելել են հենց Կատալոնիա: Սրան ավելացնենք նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ գործարաններ ու ձեռնարկություններ անկախության հանրաքվեից հետո Կատալոնիայից հեռացան, և նրացից շատերի գրծունեությունը նշանակալի չափով խաթարվեց:

որոշ մեկնաբանությունների համաձայն` Եվրոպայում սկիզբ առած անկախական շարժումները (որոնք դեռևս միայն նշմարվում են) հետևանք են Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի հեռանալու որոշման: Փաստորեն, մինչ մի կողմից ջանքեր են թափվում ամբողջ Եվրոպան մեկ ամբողջական վարչատարածքային միավոր դարձնել (երբ ԵՄ-ով չբավարարվելով` խոսում են Եվրոպայի Միացյալ Նահանգներ մասին), մյուս կողմից աշխարհամասի որոշ կտորներ պայքարում են նրաից պոկվելու և իրենց գլխի տերը լինելու համար:
Արդի աշխարհում տնտեսական վնասը հսկայական դրդիչ է, և դրանից խուսափելու համար երկրները ինչի ասես, որ չեն դիմի:

Հիշենք, թե որքան է հենց հայկական պետություններին վնասում այն կարծրատիպը, թե մինչև Արցախի հարցը չլուծվի, մեր տնտեսությունը չի զարգանա: Սա էլ իր հերթին տեղ է թողնում հանուն տնտեսական զարգացման զիջումներ անելու մտածելակերպի համար:
Իսկ թե ինչ կզիջի Իսպանիան կամ ի՞նչ կշահի, եթե անդրդվելի մնա Կատալոնիայի նկատմամբ իր ներկայիս դիրքորոշման մեջ, դա էլ ժամանակը ցույց կտա: