Ակն ընդ ակա՞ն

Մարդկությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության ամբողջ սարսափը գիտակցեց, երբ ահաբեկիչներն սկսեցին մեկը մյուսի հետևից մահապատժի ենթարկել իրենց գերիներին և տեսագրություններն անխնա տարածել: Բայց, քանի որ իրենց մարդկության արդար դատավոր երևակայող  մարդասպանները նույնպես հասարակ մահկանացուներ են, եթե չասենք՝ վախկոտ ու ցածրոգի զոմբիներ (հայերեն թարգմանությունը՝ բթացված), նրանք ևս գերի են ընկնում և եթե մահապատժի ենթարկվում:
 
Իրաքում, որի վարչապետ Հեյդեր ալ Աբադին օրերս հայտարարել է իսլամական պետության ահաբեկչական խմբավորման դեմ  պատերազմի հաղթական  ավարտի մասին, այժմ պահվում են ԻՊ-ին անդամակցելու համար մեղադրվող տասնյակ հազարավոր մարդիկ: Իսկ Իրաքի օրենսդրությունը սահմանում է, որ ծայրահեղական կազմակերպություններին անդամակցությունը պատժվում է մահապատժով կամ ցմահ բանտարկությամբ: 
 
Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, նրանցից 38-ին մահապատժի են ենթարկել, որի վերաբերյալ հայտարարություն է տարածել Իրաքի արդարադատության նախարարությունը՝
 
- 38 դատապարտյալները  մահապատժի են ենթարկվել ահաբեկչությանը մասնակցելու համար:
 
Գերատեսչությունից նաև նշել են, թե մահապատիժը իրականացվել է վերջնական դատավճիռի հրապարակումից և հանրապետության ղեկավարության թույլտվությունից հետո։ Սրանից առաջ նույնպիսի մեղադրանքով Իրաքում զանգվածային մահապատիժ է իրականացվել սեպտեմբերի 25-ին, իսկ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները դեկտեմբերի սկսզբին նախազգուշացրել են, թե նախկին գրոհայինների նկատմամբ մահապատիժները սահմանվում են ընթացակարգային չափորոշիչների խախտմամբ և մեղադրյալներին ոչ մի հնարավորություն չի տրվում՝ բողոքարկելու առաջին ատյանի դատարանի որոշումը:
 
Իսկական ահաբեկիչներից մեր մոլորակը զերծ պահելը, իհարկե, շատ կարևոր է, և Իրաքը, որտեղ մահապատիժն ընդունված պատժաձև է, պետք է փորձի նրանց հատուցել նույն կերպ, որը նրանք կիրառել են բազմաթիվ անմեղ մարդկանց հանդեպ: Մի տեսակ՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատամ»: Սակայն եթե զանգվածային մահապատժի դատապարտվողների մեջ նաև անմեղ մարդիկ հայտնվեն, դա էլ արդեն նույն ահաբեկիչների հաղթանակը կլինի: 
 
Միջազգային ահաբեկչությունն այնպիսի ախտ է, որը Սիրիայում ու Իրաքում պարտություն կրելուց հետո չի բուժվելու: Զանգվածային մահապատիժներով այն չես կասեցնի, բայց գոնե որոշ տաքգլուխների համար կարող է սթափեցնող սառը ցնցուղ դառնալ: