Տեսախցիկի որսած դրվա՞գ, թե՞ վարպետ բեմադրություն

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԱՐՔԻՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Մոլորակի բնակավայրերում և կարևոր համարվող տարբեր կետերում տեղադրված տեսախցիկները երբեմն ամրագրում են այնպիսի ուշագրավ, հուզիչ, անակնկալ տեսարաններ, որոնք այլ պարագայում անհետ կկորչեին և մարդկանց ուշադրությանը չէին արժանանա: Մեծ Բրիտանիայի բնակավայրերից մեկում, օրինակ, տեսահսկիչ սարքը նկարահանել է տղամարդկային ասպետության և Ձմեռ պապի բարեհոգության մի գեղեցիկ տեսարան:
 
Համացանցում տարածված այդ կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է սառցապատ մայթով քայլող կինը սահում և տապալվում գետնին, իսկ ձեռքի պայուսակների պարունակությունը ցրվում է շուրջբոլորը: Այդ պահին փողոցով անցնող ավտոմեքենայից դուրս է նետվում Սանտա Կլաուսի հագուստներով մի անծանոթ և շտապում բարձրացնելու կնոջը, այնուհետև հավաքում է մայթին ցրված նրա գնումները, վերջում էլ նկատում է կնոջ գլխից թռած գլխարկը և դնում նրա գլխին:
 
Համացանցում տարածված տեսահոլովակի անկեղծությանը, սակայն, շատ օգտատերեր չեն հավատացել: Ոմանք մեկնաբանություններ են գրել, թե դա պարզապես բեմադրված դրվագ է: Գուցե նրանք չեն սխալվում, սակայն ցավալին այն է, որ հասարակությունը, ըստ էության, անհավանական է համարում, թե իր մեքենայով ընթացող տղամարդը կարող էր այնքան սրտացավ ու կարեկից լինել, որ կանգ կառներ ճանապարհի կեսին և օգնության կշտապեր մի անծանոթ կնոջ: Ասել է թե՝ մարդկային պարզ (նույնիսկ՝ բնազդային) մղումներն իրենց տեղը զիջել են եսասիրությանն ու կործանարար անտարբերությանը, իսկ Ձմեռ պապին վայել բարությունը հեքիաթներից այն կողմ չի անցնում: 
 
Բայց շատ ավելի հավանական է, որ այդտեղ ոչ մի բեմադրություն էլ չկա, և ուրեմն մարդկության լիակատար կործանումը դեռևս շատ հեռու է՝ Ձմեռ պապ կերպավորող նման բարեհոգի մարդկանց շնորհիվ: