Փնտրվում է պարագլուխը

Իրաքը օրերս հայտարարեց, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմն ավարտվել է: Սիրիայում պատերազմի ավարտի մասին էլ Ռուսաստանի նախագահ Պուտինը խոսեց:

Եվ ահա հիմա էլ լուրեր են տարածվում, թե ԻՊ  առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ամերիկացիները ձերբակալել են և տեղափոխել Սիրիայի ամերիկյան հենակետերից մեկը:

Տարածված լուրերի համաձայն` իսլամիստների ղեկավարին Իրաքում ձերբակալելուց հետո որոշ ժամանակ պահել են ամերիկյան Ռաս-էլ-Այնի ռազմական հենակետում, իսկ Սիրիա տեղափոխելիս նրա հետ տարել են նաև խմբավորման 7 հրամանատարների: Սրանցից մեկը Իրաքի քաղաքացի է, մնացածները այդ երկու պետություններից ոչ մեկի քաղաքացի չեն (փոխանցել է թուրքական Yeni Şafak լրատվամիջոցը):

Պաշտոնական Վաշինգտոնը, սակայն, այս տեղեկությունը չի մեկնաբանել:

- Տվյալ նյութի վերաբերյալ մեկնաբանություներ չկան,- ռուսական ՏԱՍՍ-ի հարցին պատասխանել է Պենտագոնի ներկայացուցիչ մայոր Ադրիան Ռենքին Հելոուեյը:

Դեռևս նոյեմբերի 14-ին ամերիկյան ցամաքային զորքերի գնդապետ Ռայան Դիլոնը` կենտրոնակայանի  Inherent Resolve («Անկապտելի վճռականություն») գործողության պաշտոնական ներկայացուցիչը, հայտարարել էր, թե Պենտագոնն առաջվա նման չգիտի` ԻՊ-ի պարագլուխը որտե՞ղ է:

Ահաբեկչական խմբավորման ղեկավարին և նրա առնվազն 7 հրամանատարներին վնասազերծելը շատ կարևոր գործ է, և եթե ԱՄՆ զինուժը դա կարողացել է անել, ուրեմն պետք է որ աշխարհում ահաբեկությունների մի հզոր ալիք կանխած լինի: Այդ դեպքում անհասկանալի է մնում, թե ինչու են թաքցնում այդ փաստը: Շատ հնարավոր է` դա այնպիսի մի ռազմական գաղտնիք է, որը պահպանվում է հանուն մարդկանց անվտանգության: Միայն թե մեր կասկածամիտ դարում մարդիկ կարող են նաև մտածել, թե ԻՊ պարագլխին ու նրա զինակիցներին խայտառակ մահից փրկել ու ռազմական գործողությունների թեժ կետերից փախցրել են, որպեսզի հետագայում օգտվեն նանց ծառայություններից:

Բայց քանի որ դա շատ հրեշավոր բան կլիներ, ինչը կնշանակեր, որ ԱՄՆ-ը հովանավորում է ԻՊ-ին, մնում է միայն մտածել, թե Բաղդադին դեռևս ազատության մեջ է կամ էլ ընկել է մարտերից մեկում:  
Սակայն մինչ լրատվամիջոցները փորձում են պարզել, թե որտեղ է ԻՊ առաջնորդը, նրա անադամները շարունակում են ահաբեկչական գործողությունները: Խմբավորումը երեկ ստանձնել է պատասխանատվությունն այն ահաբեկության, որն իրականացվել է Պակիստանում`  Բելուջստանի նահանգի Քվեթա քաղաքի եկեղեցում:

Պատարագի ժամանակ ներկա է եղել 400 մարդ, և երկու մահապարտ իսլամիստի զոհն է դարձել նրանցից 9-ը, վիրավորվել է 30-ը: Զինյալներն իրենք հրաժեշտ են տվել այս կյանքին` որպեսզի կանգնեն իրենց աստծո դատաստանի առջև, թեև երևի այդ քայլին դիմել են` հաստատ համոզված, որ ուղիղ չվերթով դրախտ են թռչում: