Քաղաքական առևտուրը օրինակա՞ն գործունեություն է

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վարաբերյալ Թրամփի հայտարարության առնչությամբ ուշագրավ միտք է արտահայտել Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը: Նա այդ մասին խոսել է Գազային սահմանակից ռազմակայան այցելության ժամանակ:
 
- Մեզ համար պարզ էր, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունն իր գինը կունենա, և ես կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք ամբողջական գինը վճարել: Սա շատ կարևոր որոշում է,- ասել է Լիբերմանը և հավելել,- իսկ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվող հրթիռները չենք հանդուրժի:
 
Եթե Լիբերմանի խոսքերն ուղիղ իմաստով մեկնաբանենք` նշանակում է, որ մի պետության օգտին մյուսի արած քաղաքական քայլը ապրանք է, որը գին ունի և կարելի է գնել ու վաճառել: Որ այդպես էլ կա, և շատերն են նման գործելակերպի հետևում՝ գաղտնիք չէ: Միայն թե գոնե առայժմ նման բաներն անօրինական ու ամոթալի են համարվում: Սակայն երբ այդ մասին բացահայտ հայտնում է «վճարող» պետության բարձրաստիճան պաշտոնյան, արդեն կարծես նման գործելակերպը օրինականացնելու միտում է նկատվում:
 
Աշխարհի հզորագույն պետություններից երկուսի միջև քաղաքական նման «առևտուրը» նոր ուժով չի՞ ոգեշնչի մեր արևելյան հարևաններին, որպեսզի նրանք արդեն առանց թաքցնելու նավթադոլարներ դնեն միջազգային ատյաններում ու արտաքին հարաբերություններում՝ իրենց հայատյաց գործունեությանը նպաստող քաղաքական որոշումներ գնելու համար: Եվ արդեն ամբողջ  «ադրբեջանական լվացքատունը» կհամարվի պարզապես քաղաքական առևտրուր ու նույնքան օրինական կընկալվի, որքան մահաբեր զենքերի անսահմանափակ վաճառքը զավթողական նպատակներ ունեցող նրա նման երկրին:
 
Ու արդեն կմնա, որ մոլորակի քաղաքական ապագան որոշվի աճուրդի մուրճերով՝ ով ավելի շատ կվճարի, նրա օգտին էլ որոշում կկայացվի: Աշխարհաճանաչման մասին առասպելներն ասում են, թե աշխարհն ու տիեզերքն ստեղծվել են քաոսից: Թերևս նույն քաոսին վերադառնալու համար սա ամենահարմար գործիքն է: