Մեծ Բրիտանիան տնտեսական ինքնուրույնության է ձգտում

Եվրամիության գագաթնաժողովից հետո Մեծ Բրիտանիայի վարչապես Թերեզա Մեյի  հայտարարթյունը միջազգային մամուլին հիմք է տվել հետևություն անելու, թե նրա ձգտումն է Brexit-ից հետո երկիրը տանել տնտեսական ինքնուրույնության ճանապարհով:
 
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի ելքը (այստեղից էլ Brexit հապավումը) վերջակետին է հասնելու 2019թ. մարտի 29-ին և այդ երկրի համար միանգամայն նոր իրավիճակ է ստեղծելու, որը վերաբերում է նաև անվտանգության և առևտրի ոլորտներին:
 
Դեկտեմբերի 15-ի գագաթնաժողովում հաստատվել է անցումը բանակցությունների երկրորդ փուլին, որը հենց սրանց է վերաբերում:
 
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել է, թե երկրի կառավարությունը հնարավոր է համարում Բրյուսելի հետ գալ այնպիսի համաձայնության, որը ԵՄ-ից դուրս գալուց հետո Լոնդոնին հնարավորություն կտա երրորդ երկրների հետ առևտրային հարաբերություններ կառուցելիս սեփական պայմանները սահմանել: 
 
- Վարչապետն ասել է, որ կառավարության նպատակն է հասնել այնպիսի հանաձայնության, որը կապահովի ԵՄ-ի հետ առևտրի լավագույն պայմանները, ինչը Մեծ Բրիտանիային հնարավորություն կտա երրորդ երկրների հետ առևտրային հավակնոտ գործարքներ կնքելիս սկզբունքներ սահմանել (ելներով իրավիճակից) և աջակցություն ստանալ:  
 
Երբ 2016թ. հունիսի 23-ին Միացյալ թագավորությում ձայների 51,9%-ով որոշեցին դուրս գալ Եվրամիությունից և իրենց բախտը տնօրինել՝ ոչ մի կախում չունենալով պաշտոնական Բրյուսելի կամ ԵՄ առանձին երկրների կամքից, երևի շատ քչերն էին պատկերացնում, թե դա ինչ բեռ է դնելու երկրի կառավարության վրա և ինչ բարդություններ է իր հետ բերելու: Ինչ էլ լինի՝ Մեծ Բրիտանիան իր որոշումը կայացրել է՝ հակառակ քվե չտված 48%-ի կամքի, ցանկության, ակնկալիքների: Իսկ հիմա ֆինանսական ու հոգեբանական կորուստներ կրելով՝ ձգտում է իր հանրաքվեի արդյունքներին տեր կանգնել հնարավորինս նպաստավոր պայմաններով:
 
Մեծ Բրիտանիան, ինչ էլ լինի, աշխարհի հզոր ու հարուստ պետությունների առաջին շարքերում է և դժվար թե մեծ կորուստներ ունենա: Պարզապես Թերեզա Մեյի խոսքից կարելի է եզրակացնել, որ Եվրոպական միության երկրները իրենց բախտը տնօրինելիս այնքան ազատ չեն, որքան մեզ է այստեղից թվում: Իսկ մինչ Միացյալ Թագավորությունը ծանր բանակցությունների գնով ԵՄ-ի կապանքներն է թոթափում, Հայաստանը նույն ԵՄ-ի հետ իր կապերն է ամրապնդում: Թե ինչ կտան այդ գործընթացները երկու երկրներից յուրաքանչյուրին՝ ժամանակը ցույց կտա: