ՄԱԿ-ի ԱԽ-ն կարո՞ղ է կանխել հակամարտությունները

Զինված հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ուշագրավ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Ավտանգության խորհրդի` երեկ կայացած նիստի ժամանակ նա նշել է, որ զինված հակամարտությունների կանխմանն ուղղված աշխատանքը պետք է դառնա համաշխարհային այդ կազմակերպության գործունեության գերակայությունը:

- Հակամարտությունների փոփոխվող բնույթը նշանակում է, որ մենք պարտավոր ենք վերանայել մեր մոտեցումներն այն հարցերում, որոնք վերաբերում են մեր աշխատելու և ուրիշների հետ  փոխհարաբերվելու կերպին: Մեր ջանքերը պետք է պայմանավորված, համաձայնեցված և կախված լինեն որոշակի իրավիճակից,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Գուտերիշը նաև ասել է, թե այդ նպատակով ինքն արդեն իսկ նախաձեռնել է բարեփոխումներ, որոնք ուղղված են ամրապնդելու «քարտուղարության ճարտարապետությունը` ուղղված  խաղաղությանն ու անվտանգությանը»: Նաև քայլեր է ձեռնարկել` ուժեղացնելու փոխազդեցությունը տարածաշրջանային գործընկերների հետ` ներառյալ Աֆրիկյան միությունը, Եվրամիությունը, այլ կազմակերպություններ:

ՄԱԿ-ի ղեկավարության մեկնաբանությամբ` համամոլորակային չափերով հակամարտությունների թիվը նվազել է, սակայն դրանք առավել տևական են դարձել: Այդ հակամարտությունները տևում են միջին հաշվով 20 տարի, դարձել են առավել բարդ, բնորոշվում են ծայրահեղական խմբերի մեծ թվով, որոնք պայքարում են հանուն իշխանության, տարածքի և բնական պաշարների: Բազմապատկվում են ոչպետական զինված խմբավորումները և քաղաքական խմբակցությունները: Աշխարհում առկա մի շարք գործոններ էլ նպաստում են հակամարտությունների հրահրմանն ու բարդացնում դրանց կարգավորումը: Ըստ Գուտերիշի` դրանց թվին են պատկանում եղանակային պայմանների փոփոխությունը, ջրային պաշարների սղությունը, սոցիալական անհավասարությունը և համակարգչային անվտանգության ոլորտի մարտահրավերները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մտահոգությունը, անշուշտ, շատ տեղին է, եթե չասենք` չափազանց դանդաղ է ձևավորվել: Եթե ՄԱԿ-ը վաղուց իր գործունեության գերակայությունը համարեր հակամարտությունների կանխումը և չզբաղվեր, ասենք, իր կառույց ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով միանգամայն անհարիր մշակութային արժեքներ նվիրաբերելով արդեն պետություն դարձած քոչվոր ցեղերին, գուցե աշխարհն այսօր առավել անվտանգ լիներ:

Մյուս կողմից էլ վախ կա` Գուտերիշի այս հայտարարությունը նմանվի Թուրքիայի նախագահ Էրդողանի կարգախոսին` «0 խնդիր հարևանների հետ»: Հանկարծ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն էլ չդառնա հակամարտությունները բարդացնող ու երկարատև դարձնող գործոն` այնպես, ինչպես այսօրվա Թուրքիան բարդագույն խնդիրներ ունի իր բոլոր հարևանների հետ: Այնպես որ` ՄԱԿ-ի ղեկավարությունը պետք է որ համակողմանիորեն կշռադատի ու նոր միայն գործի անցնի, որպեսզի աչքը բուժելու փոխարեն հոնքն էլ հետը չվնասի: