Սովորական պանթուրքիզմ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում լինելը կարծես արդեն ձեռնտու չէ Թուրքիային, որը հիմա էլ որոշել է մեկ այլ ռազմական դաշինքի մեջ մտնել: Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղզստանն ու Մոնղոլիան հայտատարել են, թե միասնական զինված ուժեր են ստեղծում:

Անունն էլ դրել են «Թյուրքական աշխարհի միասնական բանակ, Եվրասիական ռազմական ուժ»: Չորս պետություն հանդես է գալիս ամբողջ թյուրքական աշխարհի և Եվրասիա մայր ցամաքի անունից:

Ելնելով նրանց ոչ վաղ անցյալի պատմություններից և ներսում տիրող հռետորաբանություններից` կարելի է պնդել, որ նպատակ են դնում այդ միասնական զինուժով իրենցը դարձնել ամբողջ Եվրասիան: Այսինքն` սովորական պանթուրքիզմ: Դեռևս 2013թ. են թյուրքալեզու երկրները համատեղ ռազմական ուժերի ծրագիր մշակել, որոնց գործը պետք է լինի ապահովել տարածաշրջանի անվտանգությունը: Միայն թե դեռ հարց է` անվտանգությո՞ւն են ապահովելու, թե վտանգելու են աշխարհի ապահովությունը:

Այդ չորս պետությունների միասնական զինուժը, ըստ իրանական լրատվամիջոցների, պետք է որ սկսի գործել արդեն 2018թ.: Ամբողջ մայրցամաքը թրքացնելու հովերը զգացվում են անգամ սոցիալական ցանցերում: Մեկ-մեկ մեծագույն հպարտությամբ մեկնաբանություններ են գրում, թե ուրիշներն իրենց ընդդիմախոսելու իրավունք չունեն, իրենք տարածված են ամբողջ Ասիայում և Եվրոպայում: Միայն թե մոռանում են նշել, որ լավ կյանքի և ուրիշների հաշվին բարգավաճելու փնտրտուքից բացի` որևէ արժեք մտցրե՞լ են մարդկության գանձարանը:

Այն, որ թյուրքական աշխարհն այսօր մշակութային մեծագույն փնտրտուքի մեջ է և տենդագին զբաղված է իրենց տարածքներում գտնված մշակութային ամենատարբեր արժեքներն իրեն վերագրելով, ու դա անում է` հաճախ շրխկոցով փակելով դեպի իրական ակունքները տանող դռները, վկայում են դրան առնչված գիտնականները:  Մշակութային ու ռազմական ծավալապաշտությունը արդեն այնքան է ուռճացել, որ վաղուց դուրս է եկել հունից:
Միայն թե որևէ ֆիզիկական մարմին այնքան կարող է ծավալվել, որքան իրեն տարածք կթողնեն: 

Մինչև ուր կտարածվի թյուրքական աշխարհը` կորոշի մարդկության այն հատվածը, որն իրեն առավել հարմարավետ է զգում «թուրքի հետ բարեկամություն անելով, սակայն փայտը միշտ ձեռքին պատրաստ պահելով»` ինչպես հայկական ասացվածքն է ձևակերպել: Հենց այդ «փայտի» զորությունն էլ, որը  կարող է դիմագրավել «Թյուրքական աշխարհի միասնական բանակ, Եվրասիական ռազմական ուժ» հորջորջումով զինուժին, կորոշի, թե մոլորակում ում տեղը որն է:

Մնում է պարզել` Թուրքիան ուզում է ՆԱՏՕ-ից դուրս գալ ու թյուրքական աշխարհի «ՆԱՏՕ՞» ստեղծել, և այդ դեպքում  ո՞րը կլինի Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքորոշումը: