Փհենյանը ժխտում է` իրենք կենսաբանական զենք չունեն

Խաղաղ օվկիանոսի ափերը տարեվերջյան այս օրերին վերստին փոթորկվում են ռազմաշունչ հայտարարություններից:

Հյուսիսային Կորեայի հետ պատերազմի հավանականությունը հերթական անգամ սրվել է այս տարվա նոյեմբերի վերջերից, երբ «Հվասոն 15» հրթիռը 53-րոպեանոց թռիչք գործեց` անցնելով ճապոնիայի երկնքով: Այն հաղթահարեց 4950 կմ տարածություն և հասավ 475 կմ բարձրության: Սրան հետևեց պաշտոնական Տոկիոյի պնդումը, թե այդ հրթիռը կարող էր կենսաբանական և քիմիական զենք կրել:

Մեղադրանքին արձագանքել է պաշտոնական Փհենյանը: ԿԺԴՀ արտգործնախարարությանը կից Ամերիկյան հետազոտությունների ինստիտուտի մամուլի ծառայությունը հայտարարություն  է տարածել, թե ամերիկյան ԶԼՄ-ներն ու պաշտոնական դեմքերն իրենց երկրի մասին ակնհայտ կեղծ լուրեր են տարածում:

Հայտարարության մեջ ասվում է, թե ԿԺԴՀ-ն կենսաբանական զենքի պաշարներ չունի, ոչ էլ համապատասխան մշակումներ է իրկանացնում` այդ կերպ ժխտելով տվյալները, որոնք ներառված են ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարություն մեջ:
Հիշեցնենք, որ օրերս հրապարակված այդ ռազմավարությունը սուր սլաքներ էր ուղղել նաև Ռուսաստանի և Չինաստանի դեմ:

- ԿԺԴՀ-ն հավատարիմ է իր դիրքորոշմանը` հանդես գալ կենսաբանական զենքի մշակման, արտադրության և պաշարների կուտակման դեմ,-ասվում է հայտարարության մեջ:
Խոսելով սուտ լուրեր տարածելու մասին, նման գործելակերպը համարվում է հերթական փորձ` միջազգային մակարդակով պետությունը մեկուսացնելու, որպեսզի արդարացվի պատժամիջոցներն ու ճնշումները:

- Դա նաև Կորեական թերակղզում միջուկային պատերազմ հրահրելու և արդարացնելու ցանկության արտահայտություն է,-նշված է հայտարարության մեջ:

Պետություններին ռազմական հարված հասցնելու նպատակով սուտ լուրեր տարածելու մեթոդը թերևս այնքան հին է, որքան մոլորակի վրա երկրորդ պետության ի հայտ գալու ժամանակները, եթե չասենք` ցեղախմբերի ինքնահաստատման խորին անցյալը: Իսկ 21-րդ դարում դա արդեն թվային տեխնոլոգիաների մակարդակով է արվում և վերաճել է պատերազմի նոր` տեղեկատվական տեսակի: Այնպես որ, հասարակ մահկանացուների համար դժվար է կողմնորոշվել, թե կողմերից որ մեկն է ստում: Մենք կարող ենք լոկ ենթադրություններ անել:

Իսկ ահա «Տելեգրաֆը» Սպիտակ տան իր աղբյուրները վկայակոչելով` գրել է, թե ԱՄՆ-ում ուսումնասիրում են Հյուսիսային Կորեայի ռազմական ենթակառուցվածքներին կանխարգելիչ հարված հասցնելու հնարավոր տարբերակները: Հարվածներ կարող են հասցվել, օրինակ, ԿԺԴՀ-ի ռազմական պահեստներին և հրթիռային հարձակման հարթակներին:

Պարբերականին ասվել է, որ վերջին ժամանակներս ԱՄՆ-ի վարչակարգը միանգամից աշխուժացրել է աշխատանքները, որոնք միտված են մշակելու Հյուսիսային Կորեային հարվածներ հասցնելու գործելակերպը, քանի որ դիվանագիտական ջանքերը ոչ մի արդյունք չեն տալիս։ Դրանով ամերիկյան կողմը մտադիր է Կիմ Չեն Ընին ցույց տալ, թե որքան լուրջ են իր մտադրությունները: