3D տպիչների նոր կիրառությունը

Հայաստանյան ձմեռները համարյա միշտ լարված աշխատանքային ռիթմ են «ապահովում» վնասվածքաբանների համար, իսկ մերկասառույցին իրենց պահել չկարաղացող մարդիկ ենթարկվում են հաշմանդամ դառնալու վտանգին: Թե այս տեսանկյունից իրավիճակն ինչպիսին է Ավստրալիայում՝ այնտեղ ապրողները կիմանան, սակայն հենց այնտեղի բժիշկներն են գտել մի եղանակ, որը վերջույթների կոտրվածքները բուժում է այժմ արդեն 90% հաջողությամբ:
 
Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Հալա Ցրեյքաթի ղեկավարած գիտնականների խումբը մի քանի տարի է՝ զբաղվում է վնասվածքներից հետո վերջույթների վերականգնման խնդիրները հետազոտելով: Ով չգիտի, որ ծանր կոտրվածքների ապաքինումը շատ երկար է տևում, և երաշխիք չկա, որ երբ ապաքինվի, և վերջույթների աշխատունակությունը լիովին կվերականգնվի՞: Չէ՞ որ հնարավոր է՝ ոսկորները սերտաճեն ոչ այնպես, ինչպես հարկավոր է: 
 
Ավստրալացի գիտնականները տարբեր նյութեր ուսումնասիրելով՝ ի վերջո որոշել են խեցեղեն պրոթեզներ ստեղծել 3D տպիչի օգնությամբ: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սրա շնորհիվ փոխադիրներ պատրաստելը դառնում է շատ արագ. ընդ որում կարելի է պատրաստել այնքան, որքան հարկավոր է: Խեցեղեն փոխադիրները, որոնք ժամանակի ընթացքում պատվում են ոսկրային հյուսվածքներով, հնարավորություն են տալիս, որ կոտրված վերջույթները շատ արագ վերականգնվեն: Այնպես որ՝ այդ փոխադիրները տեղադրելուց հետո հիվանդները գիպսե վիրակապեր կկրեն ամենաշատը մեկ ամիս:
 
Ընդամենը մեկ տարի առաջ այս եղանակը 25%-անոց հաջողություն է ապահովել, իսկ այժմ արդեն վնասվածք ստացող 10 մարդուց 9-ը հնարավորություն ունի կյանքը շարունակել առողջ ձեռքուոտքով: Դա հույս է ներշնչում, որ ևս մեկ տարի անց կոտրվածքների բուժելիությունը կհասնի 99,9%-ի: Միայն թե սա դեռևս ավստրալացի գիտնականների «մենաշնորհն» է և աշխարհի մյուս ոսկրաբանների սեփականությունը չի դարձել: Ամեն դեպքում ավելի լավ է զերծ մնալ տարբեր պատճառներով վնասվածքներ ստանալու վտանգից, քան ապավինել թկուզև 100%-անոց նման երաշխիքների: