Սահմանների խաղաղ զատորոշում

Բազմազգ Խորհրդային Միությունում ազգային վարչական միավորների սահմաններն այնպես էին գծվել, որ բոլորն իրար նկատմամբ տարածքային պահանջներ ունենային: Բնականաբար՝ դա որոշակի դիտավորությամբ արված քայլ էր: Բայց չպետք է բացառել նաև մարդկային ճակատագրերի հանդեպ տգետ անտարբերությունը՝ հաշվի առնելով սոսկ տնտեսական շահը:
 
Փաստն այն է, որ հանրապետությունների ու ինքանվար միավորների սահմանները որոշելիս բազմաթիվ «ականներ» էին թաքցրել, որոնք իրար հետևից սկսեցին «պայթել», երբ ԽՍՀՄ միակ նախագահ Գորբաչովի ջանասիրության շնորհիվ ավազի վրա կառուցված հսկա պետությունն սկսեց փլուզվել:
 
Հայերիցս լավ ո՞վ կարող է իմանալ, թե դա ինչ աղետաբեր գործելակերպ էր: 
Իսկ ահա միջինասիական երկու պետություն՝ Ղազախստանն ու Ղրղզստանը, տարիներ անց որոշել են վերջակետ դնել ամեն տեսակի վեճի ու անհամաձայնության և հստակ զատորոշել իրենց միջև գծված սահմանը: Նաև համաձայնության են եկել պետական սահմանի կարգի վերաբերյալ:
 
Երեկ Աստանայում կայացել է երկու պետությունների ղեկավարների՝ Նուրսուլթան Նազարբաևի և Սոորոնբայ Ժեենբեկովի հանդիպումը, որի արդյունքները, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ամփոփել է հյուրընկալ երկրի նախագահը: 
 
- Այսօր ստորագրվել են երկկողմանի կարևորագույն համաձայնագրեր, որոնք ուղղված են Ղազախստանի և Ղրղզստանի հետագա համագործակցությանը: Խոսքս պետական սահմանների զատորոշման պայմանագրի մասին է, ինչպես նաև պետական սահմանի կարգի վերաբերյալ համաձայնագրի,- ասել է Նազարբաևը: 
 
Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ նշված հարցերը երկար տարիներ առկախ էին ու ոչ մի լուծում չէին ստանում: 
 
- Այդ փաստաթղթերի ստորագրումն ավարտին է հասցնում մեր միջև եղած ամբողջ սահմանի միջպետական իրավական ձևակերպումը և վառ օրինակ է արդյունավետ, կառուցողական համագործակցության ու վստահության, - նշել է նա: 
 
Թյուրքալեզու այս երկու պետություններն առանց անհարկի աղմկարարության համաձայնության են եկել ու սահմանները զատորոշել: 
 
Թուրքական երկու պետությունների հետ էլ մենք ունենք սահմանային թնջուկներ, որոնք մարդկային քաղաքակրթության արդի այլասերվածության պայմաններում դարձել են անլուծելի: Այս երկուսին խոսք հասկացնել, իհարկե, հնարավոր չէ: Երևի մնում է, որ հարցը լուծի մի նոր՝ հայաբազուկ Ալեքսանդր, ով թրի մեկ հարվածով կկտրի Գորդյան այս թնջուկն ու ամեն ինչ իր տեղը կդնի:  Իր իսկակա՛ն տեղը: