Հետադարձ վրեժ

ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՂԱԶԻևԻ ՀԱՄԱՐ

Բաքվում վերստին դատել են պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևին: Միայն թե այս անգամ մահապատժի փոխարեն նրա դատավճիռը տասնօրյա կալանքն է եղել:
 
Առաջին անգամ Ղազիևին մեղադրել են Շուշին «հայերին հանձնելու» համար, քանի որ 1992-93թթ. նա Ադրբեջանի ԶՈՒ գլխավորն է եղել: Իսկ այս անգամ թեև պաշտոնապես չի հայտարարվել, սակայն ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվում է այն վարկածը, թե նախկին նախարարին դատել են Kanal-13 ինտերնետային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա հոր՝ Հեյդար Ալիևի հասցեին հնչեցրած քննադատության համար: 
 
Ինչ ասել կուզի՝ երկու «հանցանքն» էլ Ադրբեջանի նկատմամբ մեծագույն դավաճանություն է, և եթե առաջին անգամ «մահապատիժ» դատավճիռն ի կատար չի ածվել, ու «դավաճանը» համաներմամբ ազատ է արձակվել, այս անգամ, թերևս, նրան կփորձեն ավելի լավ մշակել: Չի բացառվում, որ նախկին դատավճիռը նորից մեջտեղ չբերելու խոստումով՝ նրան, օրինակ, առաջարկեն ռամիլսաֆարովական որևէ «սխրանք» գործել: Իսկ եթե ոչ՝ 10-օրյա կալանքը ցմահ կշարունակեն:
 
Բայցևայնպես, իրոք խիզախ մարդ է այս Ղազիևը, որ այս ամենից հետո համարձակվել է Ալիևների քեֆին դիպչել: Միայն թե այդ խիզախությունը նրան ժամանակին չէր բավարարել Շուշին ձեռքին պահելու համար, որտեղից զօրուգիշեր հուր ու կրակ էին թափում Ստեփանակերտի խաղաղ բնակիչների վրա: Երևում է՝ հենց սա է ալիևյան Ադրբեջանին վերստին խոցել, ու հիմա դրա հետևանքների ծանրության գիտակցությամբ փորձում են հետադարձ վրեժ լուծել Շուշիից զրկվելու համար: 
 
Ադրբեջանում, ասում են, ամենածանր հանցանքը հայերի հետ կապ ունենալն է կամ հայկական գենի մի մասնիկ կրելը: Այս օրերին այնտեղ մեծ աղմուկ են բարձրացրել, օրինակ, ներկրված սառնարաններից մեկի վրա հայտնաբերված հայերեն տառերը: Երևի մեր գրանշանների հնությունն է այդպես խոցել նորելուկ «ազգին», որ այդ առիթով  աշխարհով մեկ վայնասուն են դրել: Այնպես որ, երևի շուտով «կբացահայտվի», որ Ղազիևի պապի պապի պապը հայերի հետ ինչ-որ առնչություն է ունեցել, և այդ մեղադրանքի հիման վրա նրան վերստին մահավճռով «կպատվեն»: Ու ճիշտ էլ կանեն՝ դա պետք է լինի վերջը բոլոր նրանց, ովքեր զենքով ու ատելությամբ երևէ մեզ վրա են գրոհել: