Նոր տարում՝ 5 մլն էլեկտրամոբիլ

Գալիք 2018թ. համար դրական կանխատեսում է արել EV-Volumes շվեդական ընկերությունը: Մարդկային քաղաքակրթությունը զարգացել է փոխադրամիջոցների կատարելագործմանը զուգընթաց, և ահա հասել է ժամանակը, երբ ածխածնային վառելիքից ծուխումուր արտանետող ավտոմոբիլներն արդեն աստիճանաբար անցյալի գիրկն են անցնում:
 
Սրանց փոխարինելու եկող էլեկտրական ավտոմեքենաները, ըստ ընկերության հաշվարկների, 2018թ. այնքան կշատանան, որ «աշխարհի ճանապարհներին» դրանց թիվը կհասնի 5 միլիոնի: 
 
Սրան, ինչպես «Գարդիանն» է փոխանցել,  նպաստում է հատկապես ավտոարտադրողների մրցակցությունը, որոնք  լիարժեք էլեկտրական ավտոմեքենաների և հիբրիդների լայն տեսականի են առաջարկում:
 
Նախատեսվում է, որ հայտնի որականիշներից նորանոր նմուշեր կստեղծվեն, իսկ էլեկտրական մեքենաների ամենամեծ շուկան Չինաստանը կլինի: 
 
Ավտոարտադրողներն առաջկտրուկի տալով՝ արդեն ծրագրում են հնարավորինս շուտ շուկա դուրս բերել մեկ միլիոնական էլեկտրական մեքենա: Ու մինչ Toyota-ն նման խմբաքանակի համար ժամկետ է սահմանել 2030թ., «Volkswagen»- ը վստահությամբ դեպի այդ նպատակակետն է ընթանում մինչև 2025թ.: «Toyota»-ի հետ մրցակցության է դուրս եկել նաև BMW-ն, սակայն ոչ թե մեքենաների քանակով, այլ նմուշների թվով գերազանցելու համար՝ արդեն 2025թ. ներկայացնելով էլեկտրամեքենաների 12 նոր նմուշ: 
 
Սա այն բնագավառն է, որտեղ մրցակցությունն ավելի շուտ մարդու ու բնության օգտին է: Եթե, իհերկե, ինչպես միշտ՝ արտադրողները շահույթի հետևից ընկնելով՝ այդ սարքերի մեջ չներմուծեն ավելի վնասակար բաղադրիչներ, քան ներքին այրման շարժիչով աշխատող փոխադրամիջոցների պարագայում է: 
Հետաքրքիր է՝ 2018թ. համար կանխագուշակված այդ 5 մլն էլեկտրամոբիլներից քանի՞սն են ընթանալու ՀՀ-ի ու Արցախի ճանապարհներով: Հուսանք՝ նշանակալի թվով: