Ո՞վ ավելի շատ Սիրիա ձեռք կգցի

Սիրիան շարունակում է մնալ միջազգային տարբեր քաղաքական շահերի բախման կետ: Տվյալ պահին բախման կողմերն են Միացյալ Նահանգների ղեկավարած կոալիցիան ու Թուրքիան: Ի պատասխան Էրդողանի հայտարարության, թե մտադիր են շարունակել Սիրիայի Մանբիջ և Աֆրին քրդաբնակ քաղաքների ռազմարշավը, միջազգային կոալիցիան ձեռնամուխ է եղել այսպես կոչված «սահմանի անվտանգության ուժերի» ստեղծմանը` նպատակ հայտարարելով Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելը:

Արդեն 230 մարդ այդ նպատակով վերապատրաստվում է, և նախատեսվում է նրանց թիվը հասցնել 30 հազարի (հայտնել է «Դեֆենս փոսթը»): Նշվում է, թե նոր ուժերը տեղակայվելու են Եփրատի երկայնքով` Սիրիայի այն տարածքում, որտեղ վերահսկողություն է իրականացնում «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր զորամիավորումը, ինչպես նաև` Իրաքի և Թուրքիայի հետ սահմանների երկարությամբ:

ԱՄՆ-ի ու միջազգային կոալիցիայի այս ծրագրերն իր հերթին անընդունելի է համարել պաշտոնական Անկարան: Սիրիայիում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում այսպես կոչված սահմանային անվտանգության ուժեր ստեղծելու մասին խոսել է Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը: 

- Միացյալ Նահագները ձեռնարկում է քայլեր, որոնք օրինականացնում են ահաբեկչական կազմակերպությունը: Դա անհանգստացնող և անընդունելի է,- ասել է նա։

Էրդողանի ներկայացուցչի խոսքով` Թուրքիան իրավունք ունի պայքարելու ցանկացած ահաբեկչության դեմ` լինի երկրի ներսում, թե նրա սահմաններից դուրս, և իրենց անվտանգությունն ապահովելու համար պատրաստ են ցանկացած միջոցի դիմել:

Այս ամենից պարզ է մեկ բան` Սիրիայում և ամբողջ Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս անհասանելի երազանք է, և տարածաշրջանում իրանց անարդար շահերը փնտրողները շարունակելու են անմեղ մարդկանց արյան ու խեղված ճակատագրերի գնով ուռճացնել սեփական իշխանությունը: Մինչև մի օր, գուցե, վրա կհասնի հատուցումը: