Սիրիան ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունից չի վախենում

Այն ուժերը, որոնց մասին ԱՄՆ-ը հայտարարում է, «ձևական» են և ոչ մեկին չեն վախեցնում: «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Սիրիայի Արաբական Հանրապետության փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդեդը:
 
Խոսքը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի այն նախաձեռնության մասին է, որով նա մտադիր է Սիրայի դեմոկրատական ուժեր կոչվող ընդդիմադիր դաշինքի հետ «սահմանային անվտանգության ուժեր» ստեղծել, ինչը հիմնավորել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ չավարտված պատերազմը շարունակելու անհրաժեշտությամբ:
 
Ինչպես «Ավանգարդն» արդեն տեղեկացրել է, առայժմ խոսվում է 230 մարդու վերապատրստելու մասին՝ հետագայում նպատակ ունենալով նրանց թիվը հասցնել 30 հազարի: Արդեն խոսվում է, թե ԱՄՆ-ը Սիրիայում այնքան մեծ տարածքի է հավակնում, որ այդ պետության ամբողջականություն հարցը խիստ կասկածելի է դառնում: 
 
- ԱՄՆ-ի ուժերն այս պահին ձևական են և մեզ չեն վախեցնում: Մենք համոզված ենք, որ Սիրիան միասնական կմնա,-ասել է Միքդադը՝ ընդգծելով, որ սիրիական բանակն ու իրենց դաշնակիցները հետևում են հանրապետության ամբողջականությանն սպառնացող յուրաքանչյուր քայլի:
 
Ապա հավելել է՝
 
- Մեր ուղերձն արդեն հասցեատերերին է հասել, և նրանք գիտեն, որ Սիրիայի բանակն ի զորու է հասնել իր նպատակներին: 
 
Ինչ մնում է ԱՄՆ-ի և Թուրքիայի զինուժի ներկայությանը Սիրիայի տարածքում, դիվանագետը նշել է, թե դա իրենց շահերին չի համապատասխանում և միանգամայն թշնամական է ու անօրինական: 
Երևում է՝ Սիրիայում ԱՄՆ-ի հետապնդած նպատակներն առայժմ ավելի շատ Թուրքիային են վախեցրել, քանի որ «Դեմոկրատական ուժեր» կոչվող ընդդիմադիրների դաշինքը հիմնականում քրդերից է կազմված, իսկ քրդերի անկախության հեռանկարը Թուրքիայի համար ամենադաժան մղձավանջն է:
 
Մանավանդ երևում է՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) սիրիական թևը նույնպես ամերիկյան հովանավորությունն է վայելում: Ուստի անսպասելի չէ, որ դեկտեմբերի 15-ին եղածին արձագանքել է նաև Թուրքիայի փոխվարչապետ Բոզդաղը՝ ասելով, թե ԱՄՆ-ի այդօրինակ մտադրությունը չի տեղավորվում բարեկամական և գործընկերային համագործակցության շրջանակում:
 
- Եթե երկրի ու տարածաշրջանի անվտանգությանը ինչ-որ բան սպառնա՝ Թուրքիան անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց խույս չի տա: Ինչպես նախագահն է ասել՝ կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ,- թուրք ազգայնականներին պատկանող հայտնի արտահայտությամբ սպառնացել է Բոզդաղը: 
 
Իսկ սա մի արտահայտություն է, որը վերջերս հաճախ է կրկնում նաև Թուրքիայի նախագահը: Մինչ այս, մինչ այն՝ լրատվամիջոցները լուրեր են տարածում, թե ամերիկյան քաղաքական վերլուծաբանները սկսել են բացահայտորեն խոսել Թուրքիայի տրոհման մասին: Ինչից էլ կարելի է եզրակացնել, թե «Մեծ Մերձավոր արևելք» ստեղծելու «ամերիկյան երազանքը» դեռևս ուժի մեջ է: