Լավ գործ կարող են անել անգամ Ադրբեջանի նմանակ Պակիստանում

Իսլամիստ մահապարտների իրականացրած ահաբեկչությունների հետևանքով արդեն այնքան շատ զոհեր են լինում, որ պակիստանցի հոգևորականները փորձում են դրա դեմն առնել կրոնական հատուկ հրահանգներով:
 
Իսլամի կրոնական-իրավաբանական համակարգում գործում է ֆեթվայի սկզբունքը՝ հոգևոր բարձրագույն անձի վճիռն այն մասին, թե տվյալ գործողությունը, փաստը կամ երևույթը համապատասխանո՞ւմ է արդյոք այդ կրոնի դրույթներին: Պակիստանի 1800 հոգևորականներ նոր ֆեթվա են հրապարակել, որը անընդունելի է համարում մահապարտների իրականացրած պայթեցումները:
 
Պակիստանի կառավարությունը մտադիր է շուտով դա գրքի տեսքով ներկայացնել հանրությանը (հաղորդում է  «Ռոյթերսը»): Այդ երկրի կղերականները, այսպիսով, հայտարարել են, թե մահապարտների առաջացրած պայթյուններն արգելված են և «հարամ» են համարվում: Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնի խոսքով՝ այդ ֆեթվան ապահովում է չափավոր իսլամ դավանող հանրության կայունության հիմքերը, իսկ գիտնականները հայտարարել են, թե ոչ մի մարդ կամ մարդկանց խումբ իրավունք չունի ջիհադ հայտարարելու և իրականացնելու: Մահապարտների գործեկլակերպն էլ համարվել է իսլամի ուսմունքի խախտում:
 
Թե սա որքանով կնպաստի, որ ամբողջ աշխարհում մահապարտների ավերիչ ու ինքանսպան գործունեությունը դադարի՝ դժվար է գուշակել: Չէ՞ որ միշտ չէ, որ մահապարտներն այդ քայլին են դիմում՝ դա համարելով «ջեննեթում» հայտնվելու ամենակարճ ճանապարհը: Ըստ երևույթին նրանցից շատերին դրդում են այդպես վարվել՝ օրինակ խոստանալով մերձավոր ազգականներին խնայել կամ դրամական միջոցներ տրամադրել: 
 
Բոլոր դեպքերում չենք կարող չխոստովանել, որ Պակիստանի մահմեդական հոգևորականները լավ գործ են ձեռնարկել՝ չնայած քաղաքական նպատակներով ընդամենը անցյալ դարում  հիմնադրված իսլամական այս պետությունը Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում: Ավելին, այն իր նմանակ Ադրբեջանի հավատարիմ դաշնակիցն է՝ մեր դեմ ձեռնարկվող բոլոր գործերում: 
 
Այս համապատկերին ուշագրավ մեկ փաստ՝ 2017թ. Ավստրիայի կաթոլիկ եկեղեցում մկրտված 750 չափահասների երեք քառորդը մուսուլմանական երկրներից ներգաղթածներ են: Ընդ որում, արքեպիսկոպոսարանում կնքման ծիսակարգի պատասխանատու Ֆեդերիկա Դոստալը անհիմն է համարում այն պնդումը, թե միգրանտները կրոնափոխ են լինում, որպեսզի ավելացնեն ապաստան ստանալու իրենց հնարավորությունները։
 
Երևում է՝ Եվրոպայի կրոնական դեմքն այնքան արագ չի փոխվում, որքան կարելի էր ենթադրել: Չի բացառվում, որ քրիստոնեություն ընդունող արաբներին, աֆղաններին, իսլամի ավանդական կողմնորոշում ունեցող մյուս ազգերի ներկայացուցիչներին կրոնափոխ լինելու են մղում նաև մարդասպանությունը կրոնական դոգմա դարձնող երևույթները: