Բրյուսելը չի ուզում բաց թողնել Մեծ Բրիտանիան

Երևում է՝ Եվրամիության ամբողջականությունը պահպանելու խնդիրն ամենաշատը հուզում է այդ կառույցի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Մի քանի օր առաջ նա մտահոգություն էր հայտնել, թե հնարավոր է՝ Լեհաստանի համար ԵՄ կազմում մնալը մոտ ապագայում նպատակահարմար չթվա, այժմ էլ Մեծ Բրիտանիային է կոչ անում մտքափոխվել և դադարեցնել Brexit-ի գործընթացը: Պարզվում է՝ Մեծ Բրիտանիան դեռևս ունի դրա հնարավորությունը:
 
- Եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշի հեռանալ, եթե մեր բրիտանացի բարեկամների սրտում փոփոխություն չկատարվի, ապա հաջորդ տարվա մարտին Brexit-ն իրականություն կդառնա՝ իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ: Այստեղ՝ մայրցամաքում, մենք չենք փոխվել: Մեր սրտերը ձեզ համար դեռևս բաց են,- «Ասոշիեյթեդ փրեսի» փոխանցմամբ՝ ասել է Տուսկը: 
 
Տուսկը նաև նշել է, թե անհրաժեշտ է ավելի հստակ պատկերացում ունենալ Մեծ Բրիտանիայի տեսլականի մասին, քանի որ ամենադժվար աշխատանքը դեռևս առջևում է, իսկ ժամանակը սահմանափակ է: Բրյուսելում հույս են հայտնել, թե Տուսկի ուղերձին կանսան Լոնդոնում: 
 
Փաստորեն գնդակն այժմ Միացյալ Թագավորության դաշտում է: Իսկ թե այն ո՞ր դարպասը գոլով կնվաճի՝ ցույց կտա ժամանակը: Իսկ ժամկետը մինչև 2019թ. մարտն է: